ՀայՓոստը և Համաշխարհային փոստային միությունը քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ


ՀայՓոստը և Համաշխարհային փոստային միությունը քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ
Հունվար 25 15:28 2022

ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հանդիպել են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդի հետ:

Հայտնում են ՀայՓոստ ՓԲԸ-ից, հանդիպման ընթացքում Հայկ Կարապետյանը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, իրականացրած նորարարությունները և զարգացման հեռանկարները: Ինչպես նաև՝ կողմերը կիսվել են սպասարկման որակը բարելավելու և մատուցվող ծառայությունների շրջանակը արդիականացնելու վերաբերյալ սեփական փորձառությամբ:

 
 

ՀայՓոստի և Համաշխարհային փոստային միության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ, մասնավորապես.

ՀայՓոստի կողմից էլեկտրական մոտոցիկլների ձեռքբերման, ինչպես նաև փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորումներ, որոնք կնպաստեն ծառայությունների որակի բարելավմանը:

 

PosTransfer ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացում և նոր փոստային օպերատորների, ինչպես նաև ոչ փոստային մասնակիցների (արագ դրամական փոխանցումների համակարգերի օպերատորների) ներգրավում:

Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկին բարձր է գնահատել վերջին 2 տարում ՀայՓոստի իրականացրած թվային տրանսֆորմացիան, iNovation դուստր ընկերության կողմից մշակված Phoenix ծրագրի հնարավորությունները: Ինչպես նաև ընդգծվել են HayPostMed դեղատնային ցանցի գործարկման, ամբողջ ՀՀ-ում դեղերի առաքման կարևորությունը և անհրաժեշտությունը:

«Շնորհակալ ենք Համաշխարհային փոստային միությանը գլխավոր գրասենյակում հանդիպման հարթակ ստեղծելու, ինչպես նաև՝ համաճարակի ընթացքում և մինչ օրս կատարած հսկայական աշխատանքի համար: ՀայՓոստը Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն է և այս քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի փոստային ցանցի զարգացման, ծառայությունների ընդլայնման և նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ»,- նշել է Հայկ Կարապետյանը: