Խորովածը բերելուց հետո դուրս է եկել. Ովքեր են ներկա եղել Սուրեն Պապիկյանի շքեղ հարսանիքին ու ով է եղել անակնկալ հյուրը


Խորովածը բերելուց հետո դուրս է եկել. Ովքեր են ներկա եղել Սուրեն Պապիկյանի շքեղ հարսանիքին ու ով է եղել անակնկալ հյուրը
Հունվար 23 22:32 2022

րեկ տեղի ունեցավ տարվա, այսպես կոչված, էլիտար հարսանիքը` ամուսնանում էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու իր նախկին խոսնակը` Արմինե Մուրադյանը: Հարսանիքը էլիտար չէր կոչվի, հյուրերն էլ էլիտա չէին համարվի, եթե երբեմնի պատմության ուսուցիչ Պապիկյանը պաշտպանության նախարար չլիներ, հյուրերն էլ իշխանության ներկայացուցիչներ չլինեին: 

 


Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել հարսանիքից, որն անցկացվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող շքեղ ռեստորանային համալիրում` «Փարավոնում»: Մեզ ասացին, որ հյուրերի թվով հարսանիքը բավականին շքեղ էր, ասացին` հազարից ավելի մարդ է մասնակցել, որոնց թվում մեծ թիվ են կազմել իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչները` պատգամավորներ, բնականաբար` միայն ՔՊ-ից, գործադիրի անդամներ, ԱԺ նախագահը՝ կնոջ ու երեխայի հետ, Երևանի քաղաքապետը, մարզպետներ, թաղապետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և ոչ միայն: Կառավարությունը ներկա է եղել ամբողջ կազմով։ Ներկա է եղել նաև ռեստորանի տերը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը միայնակ է եկել և երկար չի մնացել` խորովածը բերելուց հետո դուրս է եկել: 

 

Ժամանել է նաեւ Նիկոլ Փաշինյանը` թիկնազորով, կնոջ եւ չորս երեխաների հետ: Նրան սպասարկող մեքենաները կանգնել են մուտքի դիմաց, այլ անձանց թույլ չեն տվել մուտքի մոտ մեքենա կայանել: Վարչապետի եւ ԱԺ նախագահի թիկնապահներն էլ դահլիճում հսկել են նրանց: Փաշինյանին կողքին, չնայած վերջերս նրանց միջև հեռակա առաջացած առերեևույթ հակասությանը, ներկաները նկատել են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Չհաշված հյուրերի ահռելի թիվը, որը պաշտոնի բերումով էր պայմանավորված, ներկաների խոսքով` հարսանիքը, ընդհանուր առմամբ, հին հայկական ավանդույթներով եւ բավականին «համեստ» էր կազմակերպված:

 

Հրավառություն չի եղել, երգիչների ընտրության հարցում ևս ճոխություններ թույլ չեն տվել` դրսից «էկզոտիկ երգիչներ», պարային խմբեր չեն եղել: Հայկական էստրադայից Էրիկն է մի քանի երգ երգել, նաեւ ազգագրական բենդեր են եղել, օրինակ` «Գաթա» բենդը: Ճոխություն է եղել, թերևս, հանդիսավարի ընտրությունը` դերասան Խորեն Լեւոնյանը, որին, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, 15.000 դոլար են վճարել:

 

Հյուրերը նկատել են, որ, այսպես կոչված «հեղափոխական» երգեր չեն հնչել` «Քայլ արա, ձեռքդ վերև» և այլն: Միակ հեղափոխական քայլը եղել է Նիկոլ Փաշինյանի կենացը խմելը, որից հետո Փաշինյանի սեղանի մոտ հյուրերի մեծ հերթ է գոյացել, որ նրա հետ բաժակ խփեն: Ի դեպ, նորապսակների հարսանյաց քավորը Պապիկյանի ուսանողական ընկերն էր` այս պահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Համացանցում տարածվեցին կադրեր` իբրև թե քավորկինը հարսի քող է պտտեցնում հարսնացուի գլխին, բայց դա ոչ թե քավորկինն էր, որովհետեւ Նարեկ Մկրտչյանը ամուսնացած չէ, այլ ռեստորանի սպասարկող անձնակազմից մեկը: Հարսանիքին բավականին ակտիվ պարել է փեսացուն` Պապիկյանը, ազատ շփվել հյուրերի հետ, նկարվել։

 

Շատերի աչքից չի վրիպել այն, որ հարսանիքի հենց առաջին րոպեներից` հարս ու փեսայի կադրերը հայտնվել են համացանցում: Ինչ վերաբերում է նվերներին, ապա հիմնականում գումարի տեսքով են եղել։ Այնպես, որ Պապիկյանը հարսանիքի ծախսը հանել է, դեռ մի բան էլ ավելի:

 

Օրվա անակնկալը եղել է այն, որ հարսանիքի հյուրերի մեջ է եղել նաեւ Էդմոն Մարուքյանը։

 

 

Hraparak.am

 



loading...