Որտեղ է պատրաստվում Փաշինյանին փոխարինողը


Որտեղ է պատրաստվում Փաշինյանին փոխարինողը
Դեկտեմբեր 1 22:06 2021

 

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը նոնսենս կարող էր համարվել կայացած քաղաքական համակարգ ունեցող որևէ երկրում, բայց ոչ Հայաստանում։ Նա իշխանության եկավ քաղաքական համակարգի անկատարության ու դեգրադացվածության պատճառով ու դրա շնորհիվ։

 

Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Հայաստանի քաղաքական համակարգի դիսֆունկցիան էր, որովհետև քիչ թե շատ կենսունակ քաղաքական միջավայրում նա ուղղակի չէր կարող իշխանության հասնել։

Հեղափոխություն կոչված իրադարձություններին նախորդած շատ երկար ժամանակահատվածում քաղաքական համակարգն աղճատվել էր այնքան,  որ հասարակությունն ամբողջությամբ պատրաստ էր ենթարկվելու պոպուլիզմին։  Ահա այդ պոպուլիզմը, որը փոքր չափաբաժիններով՝ որպես քաղաքական պոպկորն, մատուցվում էր տարիներ շարունակ, կուլմինացիային՝ 2018 թվականին, ուղղակի դուրս հորդեց լավայի նման և ապահովեց Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, որը, ինչպես հետո էր պարզվելու, պետության ու պետականության պարտությունն էր։

Լինելով քաղաքական համակարգի դիսֆունկցիա ու հասկանալով, որ քիչ թե շատ նորմալ քաղաքական համակարգում ինքը չի կարող գոյատևել, արդեն իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն արեց ու անում է ամեն ինչ քաղաքականությունն առավելագույնս արժեզրկելու, հեղինակազրկելու ու առանց այն էլ գոյություն չունեցող քաղաքական համակարգն էլ ավելի անկենսունակ դարձնելու համար։

Հնարավոր է՝ կարճաժամկետ հեռանկարում դա արդյունավետ ճանապարհ է իշխանությունը պահպանելու համար, քանի որ, եթե ապաքաղաքական ու հակաքաղաքական տարրը հայտնվում է իշխանության ղեկին, պետք է ամեն ինչ անի միջավայրը ևս ապաքաղաքականացնելու համար։ Բայց ավելի երկարաժամկետ կտրվածքով, քաղաքական դաշտի ու համակարգի ապականումը բումերանգի պես կարող է հարվածել առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին։

Որովհետև, եթե կայացած քաղաքական համակարգի պայմաններում, իշխանության փոփոխության քաղաքական մեխանիզմների դեպքում անգամ նրա նման հակաքաղաքական սուբյեկտը կարող է ինչ-որ դեր պահպանել քաղաքական կյանքում, ապա քաղաքականության դեգրադացիայի պարագային նման հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Քաղաքական համակարգի շարունակվող խեղումը խիստ պարարտ հող է ստեղծում հեռանկարում՝ տեսանելի կամ ոչ այնքան, նոր նիկոլփաշինյանների՝ հակաքաղաքական ու պոպուլիստական նոր հոսանքների ու դեմքերի ծնունդի համար։

Իսկ դա նշանակում է, որ հենց հիմա, հենց այս պահին, ինչ-որ տեղ Հայաստանում, հնարավոր է՝ նաև Հայաստանից դուրս, ինքնաբուխ կամ ինչ-ինչ շրջանակների ձեռամբ կերտվում է նոր պայմանական Նիկոլ Փաշինյան, որը որևէ ձևաչափով կարող է հայտնվել Հայաստանի քաղաքական համարվող երկնակամարում ու գործողից ավելի պոպուլիստ գտնվելով՝ արձանագրել իր հերթական հաղթանակն ու պետության հերթական պարտությունը։

 Նման հնարավորությունը կարող է բացառել միայն կայացած, ներքին դիմադրողականություն, հակակշիռներ ու փոխզսպումներ ունեցող քաղաքական համակարգը, որը, սակայն, բազմաթիվ օբյեկտիվ գործոններով պայմանավորված, բայց նաև ոչ առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցության, խեղված է այնպես ու այնքան, որ կարող է դրախտավայր դառնալ կամայական պոպուլիստի համար։

Ռոբերտ Տեր-Սարգսյան