Կորոնավիրուսի նոր շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում. Ավանեսյան


Կորոնավիրուսի նոր շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում. Ավանեսյան
Նոյեմբեր 29 12:46 2021

«Օմիկրոնի» մուտացման աստիճանը մեծ է, վարակը 50 մուտացիա է կրում, որից 30 վերաբերում է սպայկային սպիտակուցին։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշում է, որ սահմանափակումներ կկիրառվեն աֆրիկյան երկրներից ժամանող քաղաքացիների համար․ «Հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին՝ նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար, մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը»:

Նշված երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր կարգելվի․

Հարավ Աֆրիկյան Հանրապետություն,

Բոթսվանայի Հանրապետություն,

Լեսոտո Թագավորություն,

 

Նամիբիայի Հանրապետություն,

 

Մոզամբիկին Հանրապետություն,

Մադագասկար,

Տանզանիայի Հանրապետություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ չունի հաստատված տեղեկություն, որ «օմիկրոն» շտամով վարակվելիս հիվանդությունը զարգանում է ավելի ծանր ձևով, քան կորոնավիրուսի այլ տարբերակների դեպքում։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի կողմից կիրակի օրը հրապարակված հաղորդագրությունում․ «Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում հոսպիտալացման ավելի բարձր մակարդակ կա, բայց դա կորող է պայմանավորված լինել վարակվածների թվի ավելացմամբ, և ոչ թե բուն «օմիկրոնով» վարակվելու հետևանքով»։

ԱՀԿ-ն հայտարարել է նաև, որ այս պահին տեղեկություններ չկան այն մասին, թե «օմիկրոնով» վարակվելու ախտանիշները տարբերվում են այլ շտամներով վարակվելու ախտանիշներից։ Պարզ չէ նաև, թե արդյոք նոր շտամն ավելի վարակիչ է կորոնավիրուսի այլ տարբերակների համեմատ, ներառյալ «դելտայից»: Ինչպես պարզաբանել է կազմակերպությունը, կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է Հարավային Աֆրիկայի այն շրջաններում, որոնք տուժել են «օմիկրոն» շտամից։ Այնուամենայնիվ, այս պահին չկան ուսումնասիրությունների վերջնական արդյունքներ, որոնք հստակ ցույց կտան, որ այս աճը տեղի է ունեցել հենց նոր շտամի պատճառով, և ոչ այլ գործոններով պայմանավորված: