Հիմա փողոցային պայքարով հնարավոր չէ հասնել արդյունքի. Կարին Տոնոյանը՝ պայքարի այլ ուղի ընտրելու պատճառների մասին


Հիմա փողոցային պայքարով հնարավոր չէ հասնել արդյունքի. Կարին Տոնոյանը՝ պայքարի այլ ուղի ընտրելու պատճառների մասին
Նոյեմբեր 28 22:52 2021

Հիմա՝ մի քանի հազար մարդու մասնակցությամբ փողոցային պայքարի պայմաններում, առաջադրված նպատակին հասնել հնարավոր չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով «Ազատագրական շարժման» հետ փողոցային պայքարը դադարեցնելու եւ քաղաքական ու հասարակական ուժերի հետ համախմբան հարցով խորհրդակցությունների գնալու որոշմանը:

«Մենք մեր բարձրաձայնած առաջին հարցի պատասխանը ստացանք՝ եռակողմ հանդիպումով, տեսանք, որ մեր անհանգստությունը շատ ճիշտ էր, որ հրապարակված տեքստի տողատակերում վտանգներ կան, պետք է խորացած լինես, որ տեսնես վտանգները, որոնք շատ ակնառու են: Վերջին օրերի հանրահավաքների ժամանակ ընդամենը մի քանի հազար մասնակից ենք ունեցել, իսկ վերջին օրերին, գուցե նաեւ ցրտով պայմանավորված, այդ թիվը նվազեց: Չենք կարծում, որ ընդամենը այդ քանակով հնարավոր է հասնել նպատակի, որովհետեւ դրանից հետո միանգամից պետք էր պահանջել Փաշինյանի հրաժարականը, իսկ դրան պետք է պատրաստվել, ուժերի համախմբման գնալ: Այդ պատճառով էլ, խորհրդակցելով հավաքված թիմերի հետ, ասացինք, որ դրան կարելի է համախմբան միջոցով հասնել, եւ որ գնում ենք հանդիպումների, առավել եւս, որ ազդակներ էինք ստացել որոշ ուժերից, որ պատրաստ են համախմբման:

 

Քանի որ հանրահավաքի հարթակում տարբեր խմբեր էին միավորվել, եւ մի թիմ չէր, որ ասվի՝ պառակտում է եղել, մենք մյուսներին չէինք կարող ասել, որ դուք մի շարունակեք, միշտ էլ հայտարարել ենք, որ մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ, այլ կարծիքներ ունեցող ուժեր ու անհատներ էին հավաքվել, որոնք փաստաթղթի հարցում համակարծիք էին, եւ դրանով ցույց էինք տվել, որ, այո, հնարավոր է Հայաստանում տարբեր հարցերում ունենալ տարաձայնություններ, բայց եթե նպատակը որեւէ հարցում համընկնում է, ապա հնարավոր է նաեւ համախմբվել դրա շուրջ, դուրս գալ պայքարի եւ, միմյանց նկատմամբ հրագանք դրսեւորելով, բաժանվել ու ամենքը գնալ իր որդեգրած ճանապարհով: Մենք տեսանք, որ ժողովրդի մեջ այնքան է անվստահությունը խորացած, որ միայն համախմբան պահանջ ունի, կտեսնի՞ փողոցում համախմբված հարթակ, դուրս կգա պայքարի, չի՞ տեսնի, դուրս չի գա, սա իմ համոզումն է»,- նշեց Տոնոյանը:

Հարցին՝ որ քաղաքական ուժերի հետ են պատկերացնում համագործակցությունը համախմբան օրակարգի շուրջ, Տոնոյանը նկատեց՝ տաբուներ չեն սահմանել՝ պատաստել աշխատել բոլորի հետ:

«Մենք բոլոր ուժերի հետ ենք պատրաստ քննարկել համախմբան հարցը, չկան տաբուներ, նաեւ հարթակից եմ հրապարակել, որ անգամ «Քաղաքացիական պայմանագրի» հետ ենք պատրաստ հանդիպելու, եթե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեն ու հասկանան, որ այդ մարդն այլեւս չի կարող շարունակել կառավարումը: Ազդակներ ունենք տարբեր ուժերից ու նախաձեռնություններից, շատ բուռն արձագանք ենք ունեցել մարզերից, մարդիկ նույնիսկ պահանջում են, որ մարզերում կետեր բացենք: Քանի որ հիմա մենք կուսակցության դրոշը վայր ենք դրել, եւ ոչ թե որպես հենց քաղաքական, այլ հասարակական ուժի ձեւաչափով ենք գործում, որի դեպքում մարդիկ ավելի հեշտ են գալիս հանդիպումների, եւ, կարծում եմ, կհեշտանա նաեւ համախմբման հնարավորությունը: Շատ լավ, իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանի նման իրավիճակում բոլորին համախմբելը հրաշք կլիներ, բայց հուսով ենք, որ կլինեն համախմբումներ: Ում հետ հանդիպենք, հրապարակելու ենք այդ մասին, եթե չհամաձայնեն, որ հանդիպման մասին հրապարակվի, չենք հանդիպելու, որովհետեւ չենք ուզում թաքուն բաներ խաղալ: Մենք պատրաստ ենք բոլորի հետ ինքներս գնալ հանդիպման՝ թող իրենք հրավիրեն, մենք կգնանք: Այնպիսի իրավիճակ է, որ այդ ամբիցիաներն ամենաշատն են խանգարում՝ ոչ ոք ոչ ոքի չի միանում, սիրում ենք իրար, թե ոչ՝ ծիծաղելի է արդեն, երբ Արցախը դուրս թողնվեց ուշադրությունից ու, երևի, Մոսկվայի փողոցներում մնաց, չունեցանք կոնկրետ հարց, եւ այդ պարագայում ասել՝ ով՝ ում մոտ գնաց, լուրջ չէ եւ, նույնիսկ, անհարիր է քաղաքական դաշտին, հակառակ դեպքում, ուրեմն, մենք չունենք հայրենիք, այլ ունենք միայն քաղաքական շահեր»,- նկատեց Տոնոյանը:

Վաղը, ըստ Տոնոյանի, նամակներ են ուղարկելու բոլոր ուժերին այս առաջարկով, եւ հենց համաձայնություններ լինեն, խոստանում է, կհրապարակեն:

«Կհանրայնացնենք, չենք թաքցնի: Անգամ երբ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից մեզ հետ հանդիպման եկան, գիտեինք՝ դա ինչի է վերածվելու մեր շուրջ, բայց չթաքցրեցինք, գիտեինք՝ ինչպես է «ԱԱԾ» հապավումն ընդունվում հանրության շրջանում եւ թե ինչ շահարկումների առիթ կդառնա նաեւ քաղաքական դաշտում, բայց քանի որ մեր սկզբունքն է որեւէ թաքուն խաղ չտալ, դրա համար ասացինք՝ խնդրեմ, կարող եք նկարել եւ ցույց տալ»,- նշեց Տոնոյանը:

Նա համոզված է, որ համախմբման դեպքում հնարավոր է  հավաքել կրիտիկական այն զանգվածը, որը տեսնելով՝ ժողովուրդն օրեցօր ավելի կշատանա:

«Համոզվեցի այս մեկշաբաթյա պայքարի ընթացքում, որ այսօր շատերն են պատրաստ միանալ պայքարին, բայց չեն հավատում որեւէ կոնկրետ ուժի, բոլորի հետեւում ստվերներ են տեսնում, եւ համախմբում են ուզում տեսնել, որի հաղթանակին կհավատան: Նաեւ չհաղթելու վախ կա՝ ամեն մեկն էլ ունեցածը կորցնելու համար է վախենում՝ պատմության ուսուցչի հետ կապված կատարվողը տեսանք, եւ այլն, հետեւաբար, այդ վախտը քիչ թե շատ հետ կքաշվի, եթե ժողովուրդը համախմբված ուժ տեսնի եւ հավատ ունենա, որ այն կհաղթի, եւ այդ ուժերին միանալու համար իր հետ հաշվեհարդար չեն տեսնի:

Ակտիվություն է եղել, բայց այնքան, որ դա չի կարող հասցնել նպատակի իրականացմանը: Հիմա այպես թե այնպես անհամախմբվածությունից է ժողովուրդը հիասթափված, տեսնում է, որ երկիրը կամաց-կամաց գնում է նոր կորուստների, եւ ասել, որ հիմա սրանից շատ մեծ հիասթափություն կապրի, ապա ոչ, այպիսի հավաքները հույսի շողեր են, եւ համախմբան դեպքում այդ կայծերի միացումից բոցավառում կառաջացն, եւ եթե այդ առանձնին խմբերը կամ դրանց մեծ մասը չմիավորվեն, այդ խմբերից յուրաքանչյուրին կողմակից մարդկանց խմբերը, ժողովուրդը չեն միավորվի: Եթե այս հարցում էլ չենք կարող մեր ամբիցիաները մի կողմ դնել ու միավորվել, ապա, կներեք, ո՞ր իրավունքով են իշխանության հավակնում»,- նկատեց «5165» շարժման առաջնորդը:

Տոնոյանը նկատեց ՝ վերջին մի քանի օրվա փողոցային պայքարին մասնակցած ուժերը ցույց են տվել, որ տարբեր խմբեր կարող են համագործակցել, եւ, առանց պառակտվելու, բաժանվել՝ պահպանելով միմյանց հանդեպ հարգանքն ու պետք եղած դեպքում միմյանց օգնելու պատրաստակամությունը:



loading...