Գիտենք Վանաձորի ու վանաձորցու խնդիրները․ Կարեն Էդարյանը՝ քարոզարշավի, իր շանսերի մասին


Գիտենք Վանաձորի ու վանաձորցու խնդիրները․ Կարեն Էդարյանը՝ քարոզարշավի, իր շանսերի մասին
Նոյեմբեր 25 13:56 2021

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 կուսակցություն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով ու կներկայանա ցուցակի առաջին համարով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Էդգար Բոջուկյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Հրանտ Այվազյանը: «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» ցուցակի առաջին համարը Կարեն Էդարյանն է: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Վազգեն Թորոսյանը, որը նախկինում եղել է ոստիկանության Վանաձորի Տարոնի, այնուհետև՝ Բազումի բաժնի պետը: «Հայրենիք» կուսակցության թեկնածուն Վահե Դոխոյանն է: Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալ Արկադի Փելեշյանը կգլխավորի «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» համամասնական ցուցակը: «Ապրելու երկիր» կուսակցությունը եւս մասնակցելու է Վանաձորի ՏԻՄ ընտրություններին: Ցուցակը գլխավորում է Վանաձորում գործող «Դիետ» կաթնամթերք արտադրող ընկերության տնօրեն Արտավազդ Ալավերդյանը: ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Կոմունիստների համամասնական ցուցակը գլխավորում է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։

Ընթացող նախընտրական քարոզարշավի, նախընտրական Վանաձորում տիրող իրավիճակի մասին Armday.am-ը զրուցել է «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Կարեն Էդարյանի հետ։  Ընթացող նախընտրական քարոզարշավը Էդարյանը նորմալ է գնահատում, քարոզարշավն էլ իրականացնում են դասական ձևով։ «Հանդիպումներ ենք ունենում ժողովրդի հետ, ներկայացնում ենք մեր ծրագրերը, խոսում իրենց հետ, լսում նաև իրենց կողմից առաջարկներ»,- ասաց Էդարյանը, հավելելով, որ նախընտրական իրավիճակը Վանաձորում հանգիստ է։ Նա ասաց, որ ամենօրյա շփումների մեջ է ժողովրդի հետ։ Լինելով ծնունդով Վանաձորից հստակ գիտի, ինչ խնդիրներ կան, ինչ պետք է անել և որտեղից սկսել։ «Խնդիրներ շատ կան, հատկապես տնակային ավանների հետ կապված, ինչքան որ խնդիր կա երեևի այս քաղաքն ունի»,- ասաց նա։

 
 
 

Միաժամանակ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածուն նկատեց ժողովուրդը հիասթափված է։ Ընտրություններին հնարավոր ակտիվ մասնակցություն կլինի, թե ոչ, այս պահին չի կարող ասել։ «Անկանխատեսելի է չեմ կարող ասել, ժողովուրդն էս ամեն ինչից հիասթափված է, բայց հույս ունեմ, որ կլինի ակտիվ մասնակցություն»,- ասաց նա։

Կարեն Էդարյանն ասաց, որ իր շանսերը բարձր է գնահատում։ Իրեն Վանաձորում շատերն են ճանաչում։ Առաջադրվել է «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» ցուցակով, որովհետև վարքաբեկված կուսակցություն չէ, հավաքվել են բանիմաց ու գրագետ մարդիկ, ովքեր ունեն հստակ ծրագրեր ու անելիքներ։



loading...