Արցախի ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով


Արցախի ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով
Նոյեմբեր 24 19:20 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, ըստ որի՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը։Կարանտինի կատարման համակարգումը վերապահվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:

 

Կարանտինի ընթացքում կկիրառվեն հետևյալ հիմնական միջոցառումները և սահմանափակումները՝

1. Արցախի Հանրապետության հանրային իշխանության մարմինները, տնտեսական գործունեության առանձին տեսակներ իրականացնող, ծառայություններ մատուցող և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը:

2. Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:

3. Բոլոր կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

4. Մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ Ստեփանակերտ քաղաքում գործող բոլոր ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացնել հեռավար:

5. Հավաքներ կարող են կազմակերպվել, անցկացվել և հավաքներին կարող է մասնակցել առավելագույնը 100 անձ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

 

6. Փակ տարածքներում անցկացվող միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 40 անձ (մանկական միջոցառումների անցկացման դեպքում՝ 20 անձ)՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

7. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) առկայությունը պարտադիր է: Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) պետք է լինի տեսանելի, իսկ դրանում առկա տվյալները՝ բավարար չափով պարզ և ընթեռնելի՝ անձի նույնականացումն ապահովելու համար։

8. Հեռավար ուսուցում անցնող ուսումնական հաստատությունների սովորողի ծնողին, հղի կանանց, 55 տարին լրացած և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար: Ռիսկային գոտում գտնվելու փաստը հաստատվում է բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Կառավարության սույն որոշման հիման վրա՝ ԱՀ առողջապահության նախարարի կողմից հաստատվել են համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների ու խմբերի համար: Ի թիվս անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների՝ սահմանվել են նաև այլ սահմանափակումներ ու միջոցառումներ: Օրինակ, հանրային իշխանության մարմիններում և մասնավոր հատվածի մի շարք տեսակի գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատող անձինք աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 96 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 15-ի N 264-Ա հրամանով սահմանված սերտիֆիկատ, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Սանիտարահամաճարակային անվտանգության մանրամասն կանոնները ներկայացված են ԱՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամանի հավելվածներով։