«Հայկը դրական մարդ էր… բարի, ընկերասեր, մեծին հարգող։ Բոլորը սիրում էին Հայկիս՝ իր մարդկային բարձր որակների համար: Ժպտերես էր, ցանկացած դժվարություն ժպիտով էր հաղթահարում: Ամեն ինչ անում էր, որ մենք չանհանգստանանք:
Ծառայությունը Իջևանում էր անցնում՝ մի օր չդժգոհեց… ես էդպես էլ չզգացի, որ ծառայությունը փոխել էր Հայկիս: Միշտ հասուն էր, գիտեր՝ որտեղ իրեն ոնց պիտի պահի:
Պատերազմի օրերին խոսում էինք, ոչինչ չէր ասում, ոչնչից չէր բողոքում: Ասում էր՝ մամ ջան, մեզ մոտ շատ լավ է, դու մի անհանգստացիր։ Իմ տղեն, այնինչ, էդ պահերին ամենաթեժ տեղերում է կռվել, բայց ձայնը էնքան ուրախ էր, որ ասեմ՝ հուզված էր, կամ ձայնի մեջ ինչ-որ անհասկանալի տագնապ կար, այդպես չէ: Էնքան հանգիստ էր խոսում, որ իմ մտքով վատ բան չէր էլ անցնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մայրը՝ Անահիտ Խաչատրյանը:
Տիկին Անահիտը պատմում է, որ երբ բոլորի ծանուցագրերը հասել էին, ամեն օր գնում էր զինկոմիսարիատ՝ տեսնելու, թե իրենն ինչի է ուշանում։ Տանեցիների հետ կռվել է և ասել, որ հաստատ պապան է մի բան արել, որ իրեն չեն կանչում։ Ծառայելը Հայկի համար առաջին տեղում էր, անընդհատ կրկնում էր՝ տղեն անպայման պետք է իր հայրենիքի պարտքը տա:
Հրետանավոր Հայկ Ալբերտի Խաչատրյանը ծնվել է 2001թ. նոյեմբերի 6-ին, Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում: Հայկը բանակ է զորակոչվել 2020թ.-ին, ծառայել է Իջևանում, լավ ծառայության համար Խաչատրյաններին տրվել է շնորհակալական նամակ: Պատերազմի սկսվելուն պես Հայկին տեղափոխել են Արցախ: Սկզբի օրերին կռվել է Հադրութի առաջնագծում, 10 օր շրջափակման մեջ լինելուց հետո հաջողվել է դուրս գալ և շարունակել պայքարը Մարտունիում: Այնուհետև կռվել է Մարտակերտում, Ջրականում, Վարանդայում, Հադրութում և Մարտունի 2-ում։
Հայկ Խաչատրյանը զոհվել է նոյեմբերի 8-ին Մարտունի 2-ում, մարտական առաջադրանքը կատարելիս։ Անձնվեր ծառայության համար հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:
Արցախյան պատերազմում զոհված Հայկ Խաչատրյանի մայրը պատմում է, որ Հայկը 3 աղջիկներից հետո էր ծնվել, իրենց ընտանիքի լույսն ու ուրախությունն էր:
Ասում է՝ մենք առաջ շատ նպատակներ ունեինք, իսկ հիմա ուղղակի ապրում ենք:
Հայկի հետ ծնողները վերջին անգամ խոսել են նոյեմբերի 8-ին, ու դրանից հետո Խաչատրյանների համար սկսվել է պայքարի, հուսահատության, դժվար մեկ տարին:
Տիկին Անահիտն ասում է, որ հպարտ է իր Հայկի սխրանքով, բայց հպարտության հետ մեկտեղ ծնողական ցավը էնքան մեծ է, որ չի կարող չճնշել մյուս զգացմունքներին:
Անահիտ Չալիկյան










