-Անգելինա՜, միշտ հետաքրքիր է եղել, թե ո՞րտեղից հրեուհու մոտ այսքան սեր Հայաստանի հանդեպ:
Ի՞նչն է ձեզ կապում մեր երկրի հետ:
-Առաջին անգամ այցելեցի Հայաստանը 2012 թվականին, և սա` սեր էր առաջին հայացքից: Հիացած էի հայերի հյուրասիրությամբ, ուշադրությամբ և վերաբերմունքով իմ հանդեպ:
Երևան ես եկել էի մի հրեա պրոֆեսորի գրքի շնորհանդեսին, ով իր կյանքի 20 տարին նվիրել է հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը և բազմաթիվ գրքեր գրել այդ թեմայով:
2013-ին ես որոշեցի տեղափոխվել Մոսկվա, և կարիերաս փաստորեն զրոից սկսել: Իսրայելում երգերս ճանաչված էին, իհարկե, բայց երկրից դուրս` դրանց մասին գրեթե ոչ ոք չգիտեր: Իսկ սկսել կյանքը նոր երկրում, նոր քաղաքում` նման է այն երևույթին, երբ փոքր երեխան նոր սկսում է քայլել: Շատ դժվար էր: Բայց Աստված ինձ ուղարկեց լավ մարդկանց, որոնցից մեծ մասը` հայեր էին, և ովքեր ինձ սատարեցին և շատ օգնեցին: Իսկ ես երբեք չեմ մոռանա դա, քանզի ընդհանրապես չի կարելի մոռանալ այն մարդկանց, ովքեր դժվար պահին քեզ մի կտոր հաց են տալիս: Սա սուրբ երևույթ է ինձ համար:
-Ձեր «Երևան» երգը, որի հիման վրա տեսահոլովակ էիք նկարահանել, շատ սիրվեց աշխարհի հայերի կողմից: Ինչպե՞ս էր ստեղծվել այդ նախագիծը:
-Գիտեք, այդ երգը նույնիսկ այլ ազգերի կողմից սիրվեց, և տեսահոլովակը նայելուց հետո բազմաթիվ մարդիկ ցանկացան գալ և տեսնել Հայաստանը:
Իսկ նախագիծը պատահական ստեղծվեց և շատ արագ կայացավ: Ես շատ էի ուզում, որ ռեժիսյորը լինի Արեն Բայադյանն, ու այդպես էլ եղավ: Հենց սկզբից էլ որոշեցինք, որ տեսահոլովակը պետք է դառնա փոքրիկ երաժշտական-հումորային մինի-ֆիլմ: Մեծ պրոֆեսիոնալ աշխատանք արվեց, և ի շնորհիվ այդ երգի` շատերի համար ճանաչելի դարձավ իմ անունն, ազգանունը:
-Ի՞նչ եք կարծում, հայերն ու հրեաները շա՞տ ընդհանուր հատկանիշներ ունեն:
-Չե՜մ կարծում. վստա՜հ եմ: Եվ պատմությունը` խոսքերիս ապացույցն է: Չմոռանանք հայերի ցեղասպանության և հրեաների հոլոքոստի մասին: Կա նաև գենետիկայի պես գիտություն, որն ապացուցում է, որ այս երկու հնագույն ազգերն ունեն ընդհանուր գեն: Այնպես որ, մենք շատ նման ենք իրար:
-Ի՞նչն է ձեզ դուր գալիս հայերի մեջ մասնավորապես:
-Կարճ կպատասխանեմ: Երբ ես քայլում եմ Երևանի փողոցներով` այնպիսի տպավորություն ունեմ, որ սա ինձ շատ հարազատ վայր է, որ գուցե անցյալ կյանքում նույնիսկ ես այստեղ եմ ծնվել: Հայերի ջիգյարն ուրիշ է, և սա ինձ շատ է գրավում:
-Ձեզ հաճախ են անվանում հայ երգչուհի, և նույնիսկ ձեր հարազատները ձեր ազգանունին ավելացնում են «յան» վերջավորությունը: Ձեր հայրենիքում խանդով չե՞ն վերաբերվում այդ երևույթին:
-Ես ժողովրդական երգչուհի եմ, ապրում ու ստեղծագործում եմ ժողովրդի համար, և չեմ թաքցնում ազգությունս: Կարծում եմ, որ իմ հայրենակիցները պետք է միայն ուրախ լինեն, որ իրենց ազգի երգչուհուն սիրում են երկրից դուրս: Իսկ «յան» վերջավորությանը ես ժպիտով եմ միշտ վերաբերվում. ուրեմն հայերն ինձ այնքան են սիրում, որ ուզում են որդեգրել:
-Անգելինա՜, մոտ ապագայում ի՞նչ նորություններ սպասեն ձեզանից ձեր երկրպագուները:
-Այժմ ստեղծագործելու համար այդքան էլ լավ ժամանակ չի, բայց արվեստը դադար չի սիրում: Աշխատում եմ նոր նախագծերի վրա, ձայնագրում եմ նոր երգեր:
Շուտով ամեն ինչ կլսեք և կտեսնեք:
-Հաջողությու՜ն ձեզ:
-Շնորհակա՜լ եմ: Աստված պահապան բոլորիս:










