Պատվաստումների ծածկույթը Հայաստանում բնականաբար շատ ցածր է, և պետք է ամեն ինչ անել, որ թոշակառուները, քրոնիկ հիվանդություն ունեցողները պատվաստվեն, որ չմահանան։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանում պատվաստումների ցուցանիշին։
«Պատվաստումը վարակումից չի պաշտպանում, պաշտպանում է մահացությունից, նվազեցնում է մահացությունը, սակայն Առողջապահության նախարարությունը ջանք է գործադրում երիտասարդներին, հղիներին, երեխաներին պատվաստելու ուղղությամբ, որոնք մահացության բարձր ռիսկի տակ չեն գտնվում։ Այսինքն` մենք ստեղծում ենք անվստահության մթնոլորտ, ինչի հետևանքով բնակչությունը չի ուզում պատվաստվել, դրան գումարած ծայրահեղ սխալ տեղեկատվական քաղաքականությունը, մարդկանց հետ զրո աշխատանք, զրո բացատրություն, կարծես նախընտրական քարոզչության նման արշավ են անում, դրա համար էլ մարդիկ չեն ուզում պատվաստվել»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է հնարավոր խստացումներին, մասնավորապես դիմակ դնելուն, բժիշկն ասաց, որ կարծում է՝ դա չի նպաստի պատվաստումների ավելացմանը։ «Եթե դիմակը պաշտպանում է վարակվելուց, մարդիկ դիմակ կդնեն, ոչ թե կպատվաստեն։ Այսինքն` անտրամաբանական որոշումների շքերթ կարծես լինի»,–ասաց նա և նշեց, որ հերթական անգամ մի որոշում են մշակում, որը ավելի է խորացնում առկա խառնաշփոթը։
«Այդ խառնաշփոթի համար արդեն դիտավորություն եմ սկսում կասկածել, որ պետական գործիչները դիտավորյալ առողջապահության ոլորտը գցում են անկառավարելի քաոսի մեջ, որը վատ հետևանքների կարող է բերել, ինչն արդեն տեսնում ենք՝ պատվաստման ցածր շեմ, մահացության բարձր տոկոս, պարալիզացված պոլիկլինիկաներ և լաբորատորիաներ»,–ասաց նա։
Ըստ գևորգ Գրիգորյանի՝ պատվաստումների թիվը կարող են ավելացնել բացատրական աշխատանքներով և գրագետ քարոզով, ինչը չեն կարողանում կազմակերպել համապատասխան գերատեսչության գործիչները։