71-ամյա Սաշա Ղարախանյանի պատմությունը հայտնի է շատերին․ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո հադրութցի Սաշա պապիկը որդու՝ իր հետ միասին գերության մեջ հայտնված Արսեն Ղարախանյանի մասին հուսադրող լուրերի սպասման մեջ էր։ Ցավոք, հունվարի 18-ին հայտնաբերվեց 41-ամյա Արսենի խոշտանգված մարմինը, նրան հուղարկավորեցին իր իսկ ծննդյան օրը։ Մինչ այդ Արսեն Ղարախանյանի մասնակցությամբ երկու տեսանյութերից մեկը տարածվել էր նրա մոր ծննդյան օրը՝ հունվարի 6-ին։
Ամենայն հավանականությամբ, զինվորական Արսեն Ղարախանյանը հոկտեմբերի 9-ին Հադրութի իրենց տուն էր շտապել տարեց հորը քաղաքից դուրս բերելու նպատակով։
ՀՀ կառավարությունն Արսեն Ղարախանյանի գործով դիմել էր ՄԻԵԴ՝ ներկայացնելով նրա գերեվարումը փաստող տեսագրությունները։ Մեզ հետ զրույցում սպանվածի քույրը՝ Մարինա Ղարախանյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննությունը փաստել է, որ եղբայրը սպանվել է ՄԻԵԴ-ի կայացված որոշման հրապարակումից 2 օր անց։ Նրա դին գտել են Հադրութի Այգեստան գյուղի տարածքում։
Այժմ Սաշա Ղարախանյանը լուրջ առողջական խնդիրներ չունի, կնոջ, դստեր ու թոռների հետ բնակվում է Ստեփանակերտում, որտեղ էլ մեզ պատմեց ադրբեջանական բանտում անցկացրած օրերի մասին։
***
Օրը չեմ հիշում, թուրքերը մտած էին Հադրութ։ Ես չեմ գնացել ոչ մի տեղ, Հադրութում էի, իմ տանը։ Ընտանիքս բոլորը Երեւանում էին, ուղարկել էի։ Ես չուզեցի գնամ, ո՞ւր գնամ։ Տան բակում էի, մեկ էլ ձեն եկավ դրսից, նայեցի, տեսնեմ՝ թուրքերն են, մի 20-30 հոգի ավտոմատներով։ Թուրքերեն, հայերեն, ռուսերեն են խոսում, բա թե. «Չփախչես, գյուլլելու եմ»։ Ասում եմ. էէ, ի՞նչ գյուլլես, ո՞ւմ գյուլլես։ Գնացի, դարպասը բացեցի, ասեցի՝ մտեք։ Ասեցին, որ հրաման կա, որ մինչեւ ամսի 1-ը Հադրութում պիտի մարդ չմնա։
Մի խոսքով՝ տարան։ Իրենց շտաբը տարան։ Տան բակից որ տանում էին ինձ՝ սկզբում աչքերս կապած չէր։ Էնտեղ մի երկու բաժակ օղի խմեցինք, ոչխարի միս էր իրանց սեղանին դրած, ես էլ առավոտից չայ էլ չէի խմել, ասեցի՝ դավայ։ Հետո ասեցի, թե՝ գնամ տուն, ասեցին՝ չէ։ Հրաման տվեցին, որ ինձ տանեն։ Հայերեն էին խոսում լրիվ։ Հետո տարան կամրջի վրա, բեղավոր մի տղա էր, ասում ա. «Դու իմ եղբորը սպանել ես»։ Պատճառ էին էլի ուզում ստեղծեն, որ ծեծեն։ Էդպես էլ արեցին։ Ծեծեցին։ Ձեռքով, մեքենայի մեջին էլ քարեր կային, քարով էլ են խփել։ Հետո ոտքս կապեցին, գլուխս ներքեւ բարձրացրեցին կախեցին, հետո արդեն աչքերս կապեցին, դե տանջում էին էլի, մի չորս անգամ ավտոմատով խփեցին գլխիս։ Մեկուկես, երկու ժամի չափ տարան մեքենայով իրանց մոտ, չգիտեմ որտեղ, տարան գցեցին մի սենյակ, պատուհանները լոխ երկաթից էր։
Սաշա Ղարախանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս










