Այդ նպատակի համար բարդագույն վիրահատությունները շարունակվում են մինչ օրս: Վերջերս Հայաստանում առաջին անգամ կատարվել է արհեստական սրունքթաթային հոդի պատվաստում: Մեդիամաքսը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Մարտիրոսյանի հետ զրուցել է այս վիրահատության, պատերազմի օրերին կատարված ու չընդմիջվող աշխատանքի մասին:
Խնդիրների վերհանումից դեպի լուծում
Պատերազմի ընթացքում աշխատանքը բավականին ծանր էր: Մենք առերեսվում էինք նոր տեսակի վնասվածքների ու նոր տիպի տրավմաների հետ, որոնք անգամ շատ մեծ փորձ ունեցող երկրներում չեն ճանաչվել: Խոսքը հիմնականում վերաբերում է անօդաչու թռչող սարքերի հարվածների հետեւանքով առաջացած վնասվածքներին, որոնք իրենց բնույթն ու առանձնահատկություններն ունեն:
Պատերազմի ընթացքում մեր մի խումբ կոլեգաներ Հայաստան ժամանեցին Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից՝ ցանկանալով իրենց ներդրումն ունենալ մեր տղաների բուժման հարցնում: Նրանց մի մասն աշխատեց հենց Ստեփանակերտում: Նրանք բավականին մեծ դեր ունեցան, որովհետեւ շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներն առաջնագծում էին, մինչդեռ սովորաբար այդպիսիք թիկունքում են մնում՝ վերջնական բուժում կատարելու համար:
Կարեն Մարտիրոսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մասնագետները տեսան այն խնդիրները, որ կապված են մեր կազմակերպչական աշխատանքի հետ՝ ժամանակակից պատերազմն առաջադրում է լրիվ նոր, չսպասված մարտահրավերներ: Դրանից էլ գաղափար առաջացավ ստեղծել մի ծրագիր, որով հնարավոր կլինի Հայաստանը դարձնել բուժօգնության ոլորտի առաջատարներից մեկը, որպեսզի մեր զինվորները ստանան ոչնչով մյուսներին չզիջող բուժում: Սրա համար պետք էր ստեղծել նոր կազմակերպություն, քանի որ ավելի ճիշտ ու հեշտ է զրոյից ինչ-որ բան ստեղծել, քան վերանորոգել եղածն այն դեպքում, երբ լիարժեք չի աշխատել:
Խոսքը «Eternal Nation»՝ «Հավերժական ազգ» հիմնադրամի մասին է, որի նպատակը վիրավոր հայ զինվորների առողջության վերականգնումն է բժշկական ծառայությունների զարգացման միջոցով:
Դեպի Հայաստան
Ծրագրի շրջանակում արտերկրի առաջատար մասնագետները գալիս են Հայաստան եւ կատարում հսկայական աշխատանք: Գաղափարն այն է, որ բժշկության ոլորտի ինչպես հայ, այնպես էլ այլազգի առաջատար մասնագետները սովորեցնեն, ներդնեն ժամանակակից մեթոդներ: Պարբերաբար մի խումբ բժիշկներ գալիս ու մասնակցում են վիրահատությունների, որոնք մեր զինվորների էտապային բուժումներն են: Սա շատ մեծ օգնություն է թե´ զինվորների, թե´ տեղացի բժիշկների համար, որովհետեւ նրանք առնչվում են ժամանակակից մեթոդներին:
Ծրագրի շրջանակում 2021թ. սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի առաջին օրերին կրկին տեղի ունեցավ առաջատար բժիշկների հերթական այցը: Մեր բաժանմունքն աշխատել է ոտնաթաթի բժիշկ Արմեն Հակոբջանյանի հետ: Երեք զինվոր ու երկու քաղաքացիական պացիենտ ստացել են ոտնաթաթի հետ կապված բուժում ուլտրաժամանակակից եղանակներով:
Վերադարձնելով շարք
Թեեւ մենք ունենք կոնքազդրային, ծնկային հոդերը փոխելու տասնամյակների փորձ, բայց մինչ այժմ սրունք-թաթը ոչ մի կազմակերպության կողմից Հայաստանում ներկայացված չէր: Այսինքն՝ պարզապես չկա այդ հոդը, որ վերցվեր ու տեղադրվեր, հետեւաբար չկար նաեւ նման վիրահատության փորձ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ծրագրի շրջանակում կատարվեց պրոթեզի գնումը, որի գումարը հավաքվել էր արտերկրում հեռուստամարաթոնների միջոցով: Դրանք բավականին թանկարժեք են: Բացի այդ, նույն ծրագրով շուրջ 70 զինվորի համար ձեռք բերվեցին պրոթեզներ:
Մեր զինվորների համար տեղի ունեցավ այդ բացառիկ վիրահատությունը՝առաջին անգամ Հայաստանում կատարվեց արհեստական սրունքթաթային հոդի պատվաստում: Դրանք այն դեպքերն էին, երբ ոտքը պետք է ընդհանրապես հեռացվեր, իսկ հիմա նրանք կունենան ոտք, որը շարք կվերադարձնի ու դեռ երկար կծառայի:
Զինվորներից մեկը մեր գերի ընկած տղաներից էր, որ կորցրել էր մի ոտնաթաթը, իսկ մյուսը շատ վատ վիճակում էր: Անցնելով պատերազմի փորձություններով, իսկ հետո գերության սարսափով, նա հիմա քայլում է լիարժեք, ապրում է ու վերադառնում շարք:
Ծրագիրը շարունակական է լինելու: Հուսով ենք, որ նորից կստեղծենք միջոցներ, որպեսզի ոտքեր տանք մեր զինվորներին:
Պարտական ենք զգում
Այժմ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանող մասնագետները գալիս են իրենց ֆինանսական միջոցների հաշվին, նույնն էլ այստեղ վիրահատություն իրականացնող բժիշկներն են: Մենք պարտական ենք մեր զինվորներին:
Կարեն Մարտիրոսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցավոք, ունեցել ենք խնդիր պետպատվերի մուծումների առնչությամբ: Հուլիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը գրեթե չենք ունեցել մեր զինվորների համար պետպատվեր ու նրանք պետք է վճարովի հիմունքներով սպասարկվեին: Սա, իհարկե, անարդար է: Մեզ մոտ զինվորները վիրահատվեցին նվիրատուների շնորհիվ: Այս պահին խնդիրը կարծես կարգավորվել է:
«Հավերժական ազգ» հիմնադրամի գործունեությամբ նախատեսվում է նաեւ ստեղծել մի հիվանդանոց, որը կաշխատի հենց այդ գաղափարով ու կլինի բժիշկների հիվանդանոցը, այլ ոչ թե կպատկանի ինչ-որ սեփականատիրոջ: Այդ կերպ առաջատար մասնագետները հնարավորություն կունենան մատուցելու առաջատար բուժման եղանակներ հիմնականում վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտում:
Կյանքի ծարավը
Պատերազմի օրերին ես Երեւանից էի աշխատում՝ միաժամանակ ղեկավարելով ու վերահսկելով երկու ստորաբաժանում՝ Սլավմեդ ու Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոններում: Երկու հիվանդանոցներում միասին ունեցել ենք 200-ից ավելի վիրավոր եւ միայն մեկ ամպուտացիա, որի դեպքում էլ պացիենտը մեզ մոտ հասել էր արդեն առանց վերջույթի:
Կարեն Մարտիրոսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ավելին՝ Mediamax.am










