Առաջին «Արթիկյան ողջույնը»` Քրեակատարողական ծառայության նոր պետին


Առաջին «Արթիկյան ողջույնը»` Քրեակատարողական ծառայության նոր պետին
Հոկտեմբեր 21 23:20 2021

 

Հոկտեմբերի 6-ին Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պաշտոնական կայքում տեղեկություն հրապարակվեց, որ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը շրջայցեր է կատարում քրեակատարողական հիմնարկներով, ծանոթանում հիմնարկների առօրյային ու խնդիրներին։

 

 168.am-ի տեղեկություններով, սակայն, այդ այցերից մեկն այնքան էլ ուրախալի ավարտ չի ունեցել։

«Արթիկ» ՔԿՀ այցի ընթացքում դրամատիկ իրավիճակ է ստեղծվել, և մինչ այդ խրոխտ դեմքով ՔԿՀ-ներում շրջող ՔԿԾ պետը հայտնվել է, մեղմ ասած, շատ տհաճ իրավիճակում։

Մեզ ասացին, որ «Արթիկ» ՔԿՀ-ում շրջելիս հանկարծ դատապարտյալներից մեկն իր խցի պատուհանից գոռացել, Սերգեյ Ատոմյանին խնդրել է մի քանի րոպեով լսել իրեն։ ՔԿԾ պետն իրեն ուղեկցող հիմնարկի պետին, ով, ի դեպ, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է` Արման Մելքոնյանը, և ով հավանաբար պետի այցելության պատվին այդ օրը հայտնվել էր հիմնարկում, հարցնում է, թե ո՞վ է իրեն ձայն տվողը։

«Գիժ է»,- պատասխանում է Արթիկի պետը` ցանկանալով արագ ՔԿԾ պետին հեռացնել այդ տարածքից։

Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Զրոյական կառավարչական փորձով ու քրեակատարողական համակարգի նիստուկացից բացարձակապես անտեղյակ Սերգեյ Ատոմյանը չի պատկերացնում, որ ճաղերից այն կողմ գտնվող մարդիկ կարող են և կորցնելու բան չունենալ, ունենալ բոլորովին այլ հոգեբանություն և աշխարհընկալում, և փոխանակ մի երկու րոպե ժամանակ տրամադրելուն ու նրան լսելուն, թեկուզև հետո ոչինչ էլ չաներ ու չօգներ, դատապարտյալին ասում է, որ նա իր խնդիրը փոխանցի հիմնարկի պետին։

Դատապարտյալը կրկին խնդրում է ընդունել իրեն, ասում, որ շատ կարևոր բան ունի ասելու, և չի ուզում ՔԿՀ պետի հետ խոսել, բայց Սերգեյ Ատոմյանը չի արձագանքում ու փորձում է հեռանալ։

 Սա տեսնելով` դատապարտյալը թունդ հայհոյանք է հնչեցնում ՔԿԾ պետի հասցեին՝ բարձր գոռալով։

Վերջինս անակնկալի է գալիս, ինքն էլ պատասխան հայհոյանքով է արձագանքում նրան։

Հասկանալի է, որ դժվար թե դրանից հետո դատապարտյալին թողնեին խցում։ Բնականաբար, կտեղափոխեին պատժախուց։

Ըստ մեզ հասած տեղեկությունների` մարդիկ ապշած են մնացել։ Հին ծառայողներն ասել են` նման բան երբեք չէին տեսել։

Տհաճ է, իհարկե, բայց սա «թողեք` աշխատեն» տրամաբանության մեջ չի տեղավորվում. քրեակատարողական համակարգն այդ առումով դաժան է, ժամանակ չի տալիս։

Այնպես որ, ՔԿԾ նոր պետը լավ կանի` մի քիչ ավելի շատ զբաղվի իր հիմնական գործով, կարդա, ուսումնասիրի, հարցնի, և միգուցե հաջորդ անգամ չհայտնվի նման իրավիճակում։



loading...