ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հոկտեմբերի 13-15-ը նա կգործուղվի ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաք: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ավանեսյանը կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին, նախարարության պաշտոնական կայքում հաղորդագրություն տարածվեց, որ աշխատանքային այցով առողջապահության նախարարը գտնվում է Բելգիայում, ուր այցի շրջանակներում հանդիպել էր Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աննա Աղաջանյանին և դեսպանատան աշխատակիցներին:
Իսկ հիմա՝ ուշադիր. հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանում հակահամաճարակային իրավիճակի և պատվաստումային գործընթացի հետ կապված խնդիրներ… Բելգիայում… ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն էլ անդրադարձ է եղել պատերազմի ընթացքում կատարված լայնածավալ աշխատանքներին և հետագա անելիքներին:
Ըստ ամենայնի՝ ոչինչ չասող այց, ոչինչ չասող օրակարգով, և սա՝ Հայաստանում Քովիդի համաճարակի աղետալի իրավիճակի ու պատվաստումային գործընթացի տապալման ֆոնին:
Բայց սա ամենը չէ:
Հոկտեմբերի 4-ին նույն նախարարության կայքում արդեն կարդում ենք, որ Անահիտ Ավանեսյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ գտնվում է Լիտվայի Հանրապետությունում: Այստեղ գոնե փոխգործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Լիտվայի առողջապահության նախարարի հետ:
Ստացվում է, որ առողջապահության նախարարը, տապալելով կորոնավիրուսի դեմ պայքարը, պատվաստումային գործընթացը, րոպեն մեկ Նիկոլ Փաշինյանին բողոքելով, թե իրեն խանգարում են իրականացնել պատվաստումային գործընթացը՝ դրանով իսկ նրան ստիպելով հերթական գոռում-գոչյունով նոր սպառնալիքներ տեղալ բոլորի ու յուրաքանչյուրի հասցեին, այնինչ ընդամենը հարկավոր է մարդկանց հետ խոսել, բացատրել դրա թեր և դեմ կողմերը, գնահատել առաջնահերթությունները, շարունակ շրջագայում է անպտուղ օրակարգերով գործուղումների շրջանակում:
Օրեցօր տալով մահերի հսկայական քանակ, հայտարարելով, որ հիվանդանոցների մահճակալային ֆոնդը սպառված է և ազատ տեղեր չկան, նա փոխանակ օր ու գիշեր բացատրական աշխատանքներ տանի, դռնեդուռ ընկնի՝ մարդկանց արժանահավատ կերպով համոզելու համար՝ ո՞րն է վարակի կանգնեցման օպտիմալ տարբերակը, հերթական շարադրությունն է գրում «Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից….» թեմայով ու իրեն նվիրում շրջագայություններին:
Ինչպես ասում են, ամեն ինչ օրինաչափ է, ու ոչինչ պատահական չէ: