Առանց թեստի կամ պատվաստման հարսանիքի մասնակցել չեք կարող. նոր կանոններ կգործեն


Առանց թեստի կամ պատվաստման հարսանիքի մասնակցել չեք կարող. նոր կանոններ կգործեն
Հոկտեմբեր 13 14:46 2021

Եթե հարազատի հարսանիքին պետք է մասնակցեք, ապա առանց պատվաստման սերտիֆիկատի կամ ՊՇՌ թեստի բացասական եզրակացության չեք կարող: Առաջիկայում Հայաստանի զվարճանքի վայրեր մուտք գործել հնարավոր է լինի միայն ՊՇՌ թեստի բացասական եզրակացության կամ պատվաստման սերտիֆիկատի առկայության դեպքում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է զվարճանքի վայրեր մարդկանց թողնել պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացման կամ բացասական ՊՇՌ թեստերի առկայության դեպքում։ Ի դեպ, օրեր առաջ պարզ դարձավ, որ հնարավոր է առաջիկայում դադարեցվի չպատվաստված քաղաքացիների բուժման սուբսիդավորումը։ Խոսքը մոտ 800 հազար դրամի մասին է։

Սա, իհարկե, քաղաքացիների կողմից վատ ընդունվեց: Հիմա էլ առողջապահության նախարարության թիրախում է հայտնվել ռեստորանային բիզնեսը։ Տեղեկացնենք, որ նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով ռեստորանայաին ծառայությունների ոլորտը բավականին շատ տուժեց։ Ոլորտի մասնագետների խոսքերով, վնասը հասել է հարյուրավոր միլիոնների: «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը ArmLur.am-ի հետ զրույցում մտահոգվեց՝ նշելով, որ այս ընթացքում Հայաստանից հեռացել են բազմաթիվ բարմեններ, խոհարարներ: «Հանրապետությունը լքել է արդեն 100 հազար մարդ, որից 15-20 հազարը մեր ոլորտի աշխատողներ են՝ բարմեններ, մատուցողներ, խոհարարներ, որոնք գնացել են եւ այլ երկրում են աշխատանք, բախտ փնտրել:

Գործարարներ են լքում Հայաստանը: Ռուսաստանի օրինակը իրենց համար պետք է պարզ լիներ. այս բնագավառը չի կարող վիրուսի տարածման աղբյուր լինել, հասարակական սննդի ոլորտը ամենամաքուրն է: Ես նախարարին բարեկամական խորհուրդ եմ տվել, ասել եմ՝ գնացեք հասարակական տրանսպորտում ստուգում իրականացրեք, գնացեք զբաղվեք ձեր քաղաքական ուժի քաղաքական հավաքներով: Գնացեք օդանավակայան. պետությունը հայտարարաել է ստերիլ զոնա, որի ներսում եւ դրսում կատարվում է վակխանալիա, այսինքն ստերիլ զոնայից դուրս մարդիկ իրար գլխի հավաքված են, ներսում իրար գլխի հավաքված են: Բանը ռեստորանատորների բողոքին չի հասնելու, այստեղ ժողովուրդն է պայքարելու, որպեսզի կարողանա նստել»,- ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ Բարսեղյանը:

Ի դեպ, զրույցի ընթացքում տեղեկացավ, որ առողջապահության նախարարությունը մինչ այս հանդիպել է այս ոլորտի ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման եղել է պարտադիր պատվաստումը. «Այդ պարտադրանքի համար էին կանչել, ասացին՝ ձեր աշխատողները գնան պատվաստվեն: Բայց մենք ասացինք՝ դա իրավաչափ չէ, ինչպես կարող ենք մարդուն ստիպել գնալ պատվաստվել, բայց դե այս մարդիկ սովոր են օրենքն անտեսել, եթե իրենց ինչ որ բան պետք է»:

 



loading...