Իմ տունն առաջին օրն եմ վառել, հիսուն տարվա իմ ներդրումը մի քանի ժամում փոշիացավ. հադրութցի


Իմ տունն  առաջին օրն եմ վառել, հիսուն տարվա իմ ներդրումը մի քանի ժամում փոշիացավ. հադրութցի
Հոկտեմբեր 12 12:36 2021

Ես Հադրութի շրջանի Տող գյուղից եմ, որը 16-ից-18-րդ դարերում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը: Այսինքն սեփական բանակ է ունեցել, ծխախոտի և գինու արտադրությամբ է զբաղվել մինչև Շուշիի բերդաքաղաք դառնալը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հադրութի բնակիչներից մեկը: 

«Ես այդ գյուղում եմ ծնվել, քարը քարին դրել, տուն կառուցել և երկար տարիներ դպրոցն եմ ղեկավարել: Դավաճանության պատճառով ստիպված էինք լքել մեր գյուղը: Հանձնվեց Հադրութը, հույս կար, որ Տողը անպարտելի է, քանի որ թուրք-մոնղելները 28 անգամ հարձակվել էին այդ գյուղի վրա ու նրանց երբեք չի հաջողվել վերցնել գյուղը: Գյուղացիները նրանց հետ են շպրտել: Տողն անպարտելի էր, բայց այսօր շատ եմ ցավում՝ այն չկա: Զարմանում եմ մեր իշխանավորներից, որ մի անգամ չլսեցի օկուպացված բառը, որ Հադրութն օկուպացված է, որ Շուշին օկուպացված է, կարծես թե այդպես էլ պետք էլ իներ»,-նշեց նա:

 
 

Հադրութցի բնակիչը պատասխանելով այն հարցին, թե հիմա որտեղ է նա ապրում, պատասխանեց, որ ինչպես շատերը, այնպես էլ ինքը ապաստան են գտել Հայաստանում:  «Ես ապրում եմ Երևանում, վարձով»:

Դիտարկմանը, թե պետությունը ինչ փոխհատուցում է հատկացրել նրանց, հադրութցի բնակիչը պատասխանեց. «4 ամիս 68 000 դրամ մեզ տվեցին»:

Հարցին՝ ինչ են ակնկալում կառավարությունից նա պատասխանեց. «Ես ոչ մի բան էլ չեմ ակնկալում, ինչպես դավաճանությամբ հանձնել են Հադրութը, նույնպիսի դավաճանությամբ էլ թող վերադարձնեն և հադրութցիները կգնան իրենց օջախները: Իմ տունն  առաջին օրն եմ վառել, հիսուն տարվա իմ ներդրումը մի քանի ժամում փոշիացավ»: