«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանի մուտքը Վրաստան արգելել են: Այս մասին հաղորդում է NEWS.am–ը:
«Վրաստանի իշխանությունները ոչ միայն հարկ չհամարեցին պատախանել, ես դիմել էի մշակույթի նախարարություն, քանի որ մշակությի վաստկավոր գործիչ եմ: Ես գնում էի մորս գերեզմանը սարքելու, թաղմանը պատերազմի պատճառով չեմ կարողացել մասնակցել, մինչեւ հիմա կորոնայի պատճառով ճանապարհները փակ էին: Եւ նրանք իմ հորդորներին, որ գոնե թույլ տային մամայիս տարելիցին մասնակցեի, որովհետեւ բոլոր բարեկամները հավաքվելու էին, նրանք ասացին, որ ոչ, չեմ կարող գնալ: Իմ համոզմամբ դա սրբապիղծ մի վարք էր, ոչ քրիստոնեավայել, ոչ մարդկային վերաբերմունք էր` արգելել մարդուն գնալ ծնողների գերեզմանին: Եւ տկար պետության վարք է, որովհետեւ եթե մշակույթի գործիչից են վախենում, հետաքրքիր է` ես ինչ պետք է անեի, որ էդպես վախենում էին: Ինձ համար անձնական ողբերգություն է, ես մինչեւ օրս չեմ կարողացել իմ խոնհարումս բերել մորս գերեզմանին»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գինոսյանը:
Գինոսյանը չի հասկանում, թե ինչու է մեր իշխանությունը լռում, սակայն այլեւս լռելու ոչինչ չկա. «Ճիշտ կլինի, որ ոչ միայն ես չլռեմ, այլ մեր իշխանությունը, որին քթից բռնած ման է տալիս վրաց իշխանությունը»:
Նշենք, որ Գագիկ Գինոսյանը Վրաստանի Ախալցխա քաղաքից է:










