Վերջին օրերին Գեղարքունիքի Գեղամասար համայնքում իրավիճակը հանգիստ է, ադրբեջանական կողմը չի դիմում սադրանքների։ Սոթք բնակավայրի բնակիչ Սևակ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրբեջանական կողմի ակտիվ շինարարությունների մասին լռում է, բայց նկատում, որ հայկական կողմը ամրանալու ջանքեր չի գործադրում։
«Ես տեսնում եմ, որ մենք աշխատանքներ չենք անում։ Կառավարության նիստում 35 միլիոն են տրամադրում սիրողական վազքի համար, ու էս պահին տեսնում եմ մեր դիրքերում կարկատված, ճղրտված վրանների մեջ սահման պահող զինվորներին։ Ի՞նչ է անում Ադրբեջանը՝ չեմ կարող ասել, բայց որ մենք ոչինչ չենք անում, դա փաստ է։ Շատ քիչ ենք պատրաստվում»,- ասաց Խաչատրյանը։
Սոթքի բնակիչը անդրադարձել է նաև համայնքի հետագա ճակատագրին։ Կարծում է, որ համայնքի խոշորացմամբ քաղաքի դերը բարձրացվում է, իսկ գյուղերի դերը՝ փոքրացվում ու միևնույն ժամանակ արձանագրում, որ մարդկանց խոսքը տեղ չի հասնում։
Գեղարքունիքի մարզպետի հետ հանդիպումից և ՀՀ «վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ խորհրդարանական լսումներից հետո համայնքի ապագան դեռ անորոշ է։ Չնայած «Հայաստան» դաշինքը հարցը կվիճակի ՍԴ-ում, սակայն ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 5-ին։ Բնակավայրերի բնակիչների մեծ մասը դեմ է Վարդենիսի հետ միավորմանը։
«Հետագա գործողությունների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց այն վիճակն է, որ մարդկանց խոսքը տեղ չի հասնում ու որևէ բան անելն ուղղակի աբսուրդ է։ Մենք 8000 բնակչություն ունենք, որը դեմ է խոշորացմանը»։
Անտեսված Գեղամասար համայնքի խոշորացման ծրագիրը, ըստ բնակչի, լուրջ խնդիրների է հանգեցնելու՝ արտագաղթից մինչև սոցիալական։
«Այս կերպ մենք քաղաքի դերը բարձրացնում ենք, գյուղերի դերը՝ փոքրացնում։ Պետք է հաշվի առնենք ամեն համայնքում աշխատողներին, որոնք գործ ունեն, նրանցից քանի՞ տոկոսը կմնա համայնքում ու քանի՞սը կլքի համայնքը կամ երկիրը։ Այստեղ աշխատում են կրթություն ունեցող մարդիկ ու եթե իրենք դուրս են գալիս՝ ի՞նչ ենք ունենում արդյունքում՝ վարչական ղեկավա՞ր ու իր բանվորները, թե բնակչություն, որը գիտակից պետք է ապրի բնակավայրերում»։
Սրանք նաև Խաչատրյանի անձնական մտավախություններն են։ Ինքն էլ է պարբերաբար հարցնում՝ ի՞նչ է անելու համայնքում, եթե սահմանամերձ բնակավայրում ապրող բնակչի խոսքը չի հասնում է կառավարությանը. «Աբսուրդ է մնալ ու ոչինչ չանել»։
Սահմանամերձ դարձած Գեղամասար համայնքի՝ Վարդենիսի հետ միավորումը միտում ունի, որն էլ քաղաքական է։ Համայնքապետ Գեղամ Ավետյանն օրինակ՝ կրակոցների ու սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնում է, ինչի մասին լռում ու անգամ հերքում են մարզպետարանից։ Խաչատրյանը վստահեցնում է՝ խնդիրների մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն քաղաքական ղեկավարությունը չի տեսնում։
«Մեր բնակավայրերը բացի այն խնդիրները, որ ունեցել են պատերազմից հետո, ունեցել ենք երաշտ։ Մարդիկ իրենց դաշտերը՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, բերքի 5 տոկոսը չեն կարողացել հավաքել։ Համայնքներում ցանքը, որը հետագայում պարենի խնդիր է առաջացնելու երկրի համար, չենք անում, որովհետև հնարավորություն չկա։ Դրան գումարած, անասնապահական խնդիրները, որն ավելացել է հողերը հանձնելուց հետո։ Որևէ պետական մարմին ՝ մարզպետ, նախարար, չեն եկել համայնք, լսել բնակչին և առավել ևս ասել, որ առաջարկելու են ինչ- որ բան։ Անտեսված են սահմանամերձ դարձած բնակավայրերը»։
Նշենք, որ Հայաստանում վարչատարածքային նոր բաժանման արդյունքում կլինի 78 համայնք։ ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները սեպտեմբերի 16-ին առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։










