2021 թ․ հունվարից օգոստոս Հայաստանից օդային ճանապարհով քա՞նի ՀՀ քաղաքացի է մեկնել և չի վերադարձել՝ հմտորեն թաքցվում է․․․


2021 թ․ հունվարից օգոստոս Հայաստանից օդային ճանապարհով քա՞նի ՀՀ քաղաքացի է մեկնել և չի վերադարձել՝ հմտորեն թաքցվում է․․․
Հոկտեմբեր 7 20:46 2021

Վերջին օրերին լրատվամիջոցները շարունակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ստացված օդային ճանապարհով ուղևորահոսքերի տեղեկատվությունն են հրապարակում՝ համադրելով հունվարից օգոստոս ամիսների ընթացքում ժամանածների և մեկնածների թվերը։ Այս համատեքստում, պարզվում է ամսեամիս թվային պատկերի մեջ հունիս և հուլիս ամիսներին ժամանողներն ավելի շատ են եղել, քան՝ մեկնողները։

Ասենք, ի՞նչ հետևություն ենք անում, երբ իմանում ենք, որ 2021 թվականի հունիսին օդային ճանապարհով ժամանել է Հայաստան 109.225 քաղաքացի, մեկնել՝ 91.309 քաղաքացի, կամ հուլիսին՝ օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը 158.999 էր, իսկ մեկնածներինը՝ 141.952

Թե ի՞նչ է տալիս այս տեղեկատվությունը դժվար է ասել։ Ամեն դեպքում, նման ընդհանրական ինֆորմացիան, գուցե հետաքրքիր կարող է լինել Զբոսաշրջության կոմիտեին կամ՝ տուրիստական գործակալություններին, սակայն այսպիսով ուղղակի հմտորեն թաքցվում է հետպատերազմական և հետընտրական՝ փաշինյանական Հայաստանից արտագաղթողների թիվը, միգրացիոն գործընթացները։

Իսկ վերը նշված թվերը ժամանած և մեկնած ՀՀ քաղաքացիների մասին չէ, որ վկայում է, քանի որ առանց քաղաքացիության շեշտադրման ժամանածների մեջ հաշվվում են նաև ՀՀ ժամանած բազմաթիվ օտարերկրացիներ, այդ թվում՝ և՛ զբոսաշրջության նպատակով և, ասենք՝ թեսթավորման նպատակով Հայաստան ժամանած Իրանի քաղաքացիները ։

Այնպես որ, այն, որ 2021 թվականի 8 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը ընդամենը 64.078-ով է ավելի ժամանածների թվից, չպետք է հուսադրի, քանզի եթե խնդրո առարկա տեղեկատվությունը զուտ ՀՀ քաղաքացիներին վերաբերվեր, պատկերը ակնհայտ տխուր կլիներ։