Պատերազմի ժամանակ գիշերը բերել եմ Լաչինի անցակետից երեխաներիս ուղարկել անհայտ ուղղությամբ՝ չիմանալով, թե ում տանն են մնալու կամ ավտոկայարանում են մնալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութի բնակիչ, Արցախյան երկու պատերազմների մասնակից Ալբերտ Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ չի ցանկանում, որ իր երեխաները նորից այդ օրերն ապրեն, դրա համար հրաժարվում է այս անորոշ վիճակում երեխաներին տանել Արցախ։
Խաչատրյանը պատմեց, որ ընտանիքն ինչքան կարողացել պահել է։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 10-ին Հադրութը վերցրել են, հոկտեմբերի 13-ին ընտանիքը հանել է Հադրութից, ընտանիքի անդամներին ուղարկել է, ինքը՝ վերադարձել դիրքեր։
Դիտարկմանը, որ հոկտեմբերի 10-ին իշխանությունները պնդում էին, որ Հադրութը մեր վերահսկողության ներքո է, Խաչատրյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանն էլ է գնացել Թութակներ կոչվող տարածքը, վերևից նայել Հադրութին, հետո հայտարարել, որ գնացել է առաջնագիծ։
«Ոչ մեկն էլ առաջնագիծ չի գնացել, առաջնագծում ես եմ եղել, Ղարաբաղի տղերքը։ Ուզում եք՝ վկաներով ապացուցեմ, որ իրենք առաջնագծում չեն եղել»,- նշեց նա։
Իսկ թե ինչպես է թշնամին հասել Հադրութ, Խաչատրյանը նշեց, որ Ջաբրայիլում ճեղքում է եղել, մինչև Հադրութ հասնելը ոչ մեկը դեմը չի առել. «Խուռհատ կոչվող տարածքում դեմն առել են, զոհեր ենք տվել, չեն դիմացել, հաջորդ օրը՝ ամսի 10-ի առավոտը մտել են Հադրութ։ Մեզ էլ խաբել ասել են, որ 45 հատ դիվերսիոն խումբ է, պարզվել է՝ 450-500 հատ թուրք կա մտած։ Այնտեղ անիմաստ զոհեր էլ ենք տվել, վիրավորներ էլ։ Անձամբ ես երկու հոգու՝ Գյումրիից, մեկի անունը՝ Սամվել, մյուսինը՝ Գոռ, գյուղի վերևի հատվածից ես եմ բոյ տալով շալակել հանել այդ երեխեքին»։
Խաչատրյանը պատմեց, որ առաջին օրը չի գնացել մարտի դաշտ, սպասել է՝ ՄՈԲ լինի. «2016թ․-ին մոբով են տարել։ Սպասել ենք, սպասել՝ չեն տարել։ Հադրութի զինվորական կոմիսարիատը ՄՈԲ-ը ձևական է արել։ Գյուղապետերին զանգում էին՝ մարդ հավաքեք, գյուղապետին չեն զանգում ասում՝ մարդ հավաքիր, մարդկանց զանգում, ասում են՝ պատերազմ է, ներկայացիր»։
Խաչատրյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ասել են կանգնել այնտեղ, որտեղ կանգնած են, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր շրջաններն իրենք են պահել, հետո Շիրակի մարզից տղաների են բերել՝ հերթափոխի, որոնց գերեվարել են։
«Թող ղեկավարները խոսեն, տեսնենք, որ ասել են՝ պետք է կանգնենք այնտեղ, որտեղ կանգնած ենք, ինչու ենք կռիվը վերջացած նորից մեր հողերը տվել։ Գոնե Հադրութից երկու գյուղ կլիներ՝ էս կողմում, կմտնեի էլի այնտեղ, հեռվից կնայեի իմ գյուղին»,- նշեց նա։










