Կոռուպցիան Արցախում նոր թափ է հավաքել․ Պահանջում ենք վերահսկել Արայիկ Հարությունյանին․ տեղահանված բնակիչ


Կոռուպցիան Արցախում նոր թափ է հավաքել․ Պահանջում ենք վերահսկել Արայիկ Հարությունյանին․ տեղահանված բնակիչ
Սեպտեմբեր 17 08:27 2021

«Արցախի կարգավիճակի հարցը դեռևս անորոշ է մնում։ Այսօր արտագաղթի մեծ հոսք կա, ուստի դիմել ենք ՀՀ կառավարությանը, իսկ իրենցից ոչ մեկը չեն էլ ուզում մեզ հետ հանդիպել՝ հասկանանք մեզ ի՞նչ է սպասվում»,-Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց Հադրութից տեղահանվածներից մեկը։ Վերջինս պնդեց, որ բազմիցս կապ է հաստատել Մհեր Գրիգորյանի աշխատակազմի հետ, պատասխան է ստացել, որ համապատասխան որոշումներ չկա, ուստի չեն կարող արցախցիների հարցերին պատասխանել։

«Անորոշ վիճակից ելնելով միջազգային հանրությանն ենք դիմելու նամակներով։ ԱՄՆ դեսպանից վերջին շրջանում լսում ենք, որ Արցախի կարգավիճակը որոշված չէ, օդում խոսում են, գերտերություն եք՝ ճանաչեք անկախությունը»։

Արցախի բնակիչները հայտնում են՝ ՀՀ կառավարությունից հույս չունեն։ Բազմիցս են ներկայացրել, թե ինչ սոցիալական անարդարություններ է տիրում Արցախում։

«ԱՀ նախագահը՝ համ հին է, համ նոր է, և իր գործը նորից շարունակվում է։ Մարդկանց առանձին կանչում են, հարցերը առանձին են լուծում։ Ինչո՞ւ է Հարությունյանը որոշել փոխհատուցում տալ, կա մի պարզ պատճառ՝ Արաքսի ափից մինչև Քարվաճառ սաղ եղել է իրենը՝ արտերը, գործարանները, ՀԷԿ-երը, խաղողի այգիները։ Խոսք է տվել, որ կհանրայնացնի փոխհատուցումները, սակայն ամեն ինչ զանգով է անում»։

ՀՀ կառավարությունից պահանջում են վերահսկել ԱՀ նախագահին, պնդում են, որ կոռուպցիան Արցախում նոր թափ է հավաքում։

Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտ են հավաքվել Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից ու Արցախի այլ շրջաններից տեղահանված բնակիչները։ Նրանք 8 ամսից ավելի է մշտական բնակության վայր չունեն, պատերազմից հետո կորցրել են իրենց բնակարանները, ՀՀ կառավարությունից պահանջում են իրենց բնակարաններով ապահովելու ծրագիրը կատարելագործել։

Ակցիայից հետո տեղահանված արցախցիները երթով շարժվելու են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ նամակ հանձնելու։ Այնտեղից էլ ակցիան կշարունակեն Հայաստանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատան շենքերի մոտ։