Արմեն Չարչյանը ստանում է 100-ից բարձր ինսուլինային բաժինը, մինչդեռ՝ 60 միավոր ինսուլինից բարձրն արդեն իսկ ենթադրում է լուրջ խնդիր, ընդհուպ՝ կալանքի հետ անհամատեղելիություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որն այսօր տեսակցել է Արմեն Չարչյանին։
«Ակնհայտ է, որ ինտենսիվ բժշկական վերահսկողության ներքո գտնվելը որոշակի կայունացման հանգեցրել է, բայց թոքաբորբի պայմանը և ինսուլինի նման միավորն իսկապես ծայրահեղ վիճակ է առաջացնում։ Այլ հարց է, որ Արմեն Չարչյանի դիմադրողականությունը, տեսակը տարբերվում է, բայց դժվար էր խոսում։ Իսկապես հասկացանք, որ իր համար դժվար է մեզ հետ հաղորդակցվելը»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ Չարչյանի կամքը տեղն է, բայց նման պայմաններում անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց պահելը խոշտանգում է, մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է։
Ինչ վերաբերում է քաղաքական միտմանը, Վարդևանյանը նշեց, որ ամբողջ հետապնդումը կառուցված է քաղաքական բաղադրիչի վրա, ինչը պարզ է բոլորի համար։ Վարդևանյանը հիշեցրեց Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, որով վերջինս փաստացի ընդգծել էր պատգամավորի անձեռնմխելիության կարևորությունը, իսկ հավելյալ հանգամանքներ չի ներկայացրել՝ հիմնավորելով, որ դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ լինել, որն անտեսել է դա։
«Առնվազն իրավապահ համակարգում այս ամբողջի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, իսկ թե ինչու է վերաբերմունքն այսպիսին՝ բացառապես քաղաքական բաղադրիչն է, այսինքն՝ իշխանական դիրքից ճնշումն է, հետապնդումը, որը տեսնում ենք»,- նշեց Վարդևանյանը։










