Երբ ռազմագերին գիտակցության է եկել, դաժան ծեծը շարունակվել է. Երեք հիմնական ինստիտուտ ակտիվ ներգրավվածություն է ունեցել խոշտանգումների հարցում. Սահակյան


Երբ ռազմագերին գիտակցության է եկել, դաժան ծեծը շարունակվել է. Երեք հիմնական ինստիտուտ ակտիվ ներգրավվածություն է ունեցել խոշտանգումների հարցում. Սահակյան
Սեպտեմբեր 8 12:55 2021

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է՝ հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը։

Անդրադառնալով միջազգային երաշխիքներին, Սահակյանը նշեց, որ ռազմագերիների հետ վարվելակերպը կանոնակարգված է միջազգային իրավունքով։

Գերեվարման մեջ հայտնվելիս, անկախ այն հանգամանքից, թե որ պաշտոնատար անձինք, ԶՈՒ ներկայացուցիչներ կամ զորամասեր են ներգրավված գերեվարմանը, ռազմագերիները համարվում են գերեվարող պետության պատասխանատվության տակ գտնվողներ։

«Կարևոր հանգամանք է, որ ռազմագերիները անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ և ըստ էության չի թույլատրվում նրանց պահել բանտերում, փակ շինություններում, բացառիկ դեպքում կարող է տեղի ունենալ ներկալում»։

Թեև պահանջներն այն էր, որ ռազմագերիները պահվեին ճամբարներում, դրանք չեն ստեղծվել։ Գերավարման սկզբնական փուլից գերիները ազատությունից զրկվել են ու պահվել խիստ մեկուսացված պայմաններում։ Նրանք հնարավորություն չեն ունեցել կապը պահել արտաքին աշխարհի հետ, ինչը մեծացրել է խոշտանգումների կիրառման, հետքերը թաքցնելու հավանականությունը։

Երեք հիմնական ինստիտուտներ ակտիվ ներգրավվածություն են ունեցել խոշտանգումների հարցում՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը, քննչական մեկուսարանը և արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարանները։

«Հստակ ձեռագիր է եղել ռազմական ոստիկանությունում։ Անձինք ոչ միայն ենթարկվել են պարբերական և պատժիչ ծեծի։ Այնտեղ գտնվելու ողջ ժամանակահատվածում նրանք զրկված են եղել սննդից, հիգիենայի պարագաներից, քնից, ջրից և նրանց ենթարկել են նաև ֆիզիկական պատիժների՝ օրինակ անընդմեջ կանգնած մնալու, սառը գետնին պառկելու, սառը ջուր լցնելու և այլ եղանակներով։ Պատժիչ և նպատակային ծեծը շարունակություն է ունեցել ԱԱԾ մեկուսարանում։ Այստեղ գործել են հատուկ ծեծող բրիգադներ, որոնք ադրբեջանական իշխանություններին հայտնի մեթոդներով ծեծի են ենթարկել, ընդ որում կանոնավոր բնույթ է կրել՝ մինչև գիտակցության կորուստ։ Երբ գիտակցության են եկել, դաժան ծեծը շարունակվել է»։

Հետագայում գերիները տեղափոխվել են Ադրբեջանի արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մեկուսարան, որտեղ ծեծը նույն կանոնավորությունը չի կրել, սակայն մշտական նվաստացումների և ստորացումների են ենթարկել։

Սահակյանը նշեց, որ երեք ինստիտուտների աշխատակիցները և ղեկավարությունը ներգրավված են եղել խոշտանգումների մեջ, իսկ արարքը քրեորեն պատժելի են։ Կարծում են, որ ԵՄ-ն ունի պատասխանատվություն, որպես նախաձեռնող սուբյեկտ կարող է հանդես գալ ցանկացած պետություն՝ մի շարք միջոցներ կիրառելու հիմնարկների ղեկավարության նկատմամբ։