Ոչ սնունդ են տվել, ոչ ջուր. հետևել են, որ գիտակցությունը տեղը լինի ու շարունակել տանջանքները. ի՞նչ պայմաններում են գերիները պահվել Բաքվում


Ոչ սնունդ են տվել, ոչ ջուր. հետևել են, որ գիտակցությունը տեղը լինի ու շարունակել տանջանքները. ի՞նչ պայմաններում են գերիները պահվել Բաքվում
Սեպտեմբեր 8 08:15 2021

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է վերլուծություն, որը վերաբերում է Ադրբեջանում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն։

Գերեվարված անձանց հատուկ դաժան վերաբերմունքի են արժանացրել տեղեկություն ստանալու համար։

«Ընդ որում ոչ թե իրականություն, այլ այն, ինչ ցանկանում են ադրբեջանական իշխանությունները, կամ ԶՈւ-երը։ Ցանկալի տեղեկություն է եղել օրինակ՝ անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքելը, ընտանիքի անդամների վերաբերյալ, հեռախոսահամար, հասցե և այլն։ Պարտադրել են ստորագրել ադրբեջաներեն լեզվով փաստաթղթեր։ Ստիպել են, ծաղրելով, թքել են մարդկանց վրա, որպեսզի Ադրբեջանի նախագահին գովերգող արտահայտություններ անի, կամ որ ՀՀ կառավարությանը նվաստացնող արտահայտություններ անի»։

Ըստ Թաթոյանի, եղել են դեպքեր, երբ գերիներին տեղափոխման ամբողջ ճանապարհին ոչ սնունդ են տվել, ոչ ջուր և ենթարկել են ծեծի։

«Մարդը անգամ ուշագնաց է եղել, բայց միևնույնն է հետևել են, որ գիտակցությունը տեղը լինի ու շարունակել են տանջանքները»։

Սուտ տեղեկություններ կորզելու նպատակն ակնհայտ է եղել։ Կան անգամ դեպքեր ու փաստեր, տեղեկություններ են ստացել ու օգտագործել մարդկանց դեմ։ ՄԻՊ-ը ներկայացրեց ստիպողաբար վերցրած տեղեկություններից մի օրինակ։

«Զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն և ինքը նռնակով պայթեցրել է այդ ողջ տունը, որի արդյունքում մահացել են 50 ադրբեջանցի և իբր, երբ հարևանը մոտեցել է, նրան էլ է սպանել։
Եղել են դեպքեր, երբ խոշտանգելով ստացել են հատուկ տեղեկություններ՝ իշխանություններին ցույց տալու նպատակով, հիմնականում նաև հրապարակումներ անելու համար»։