Անցած տարի սեպտեմբերի 6-ին, երեկոյան, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի սկզբնամասում անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, համագյուղացիները դանակով հարվածել են միմյանց.Մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 25-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում 25-ամյա երիտասարդը պատահական հանդիպել է համագյուղացուն և վերջինիս ընկերոջը: Անձնական հարցերի շուրջ զրուցելու նպատակով նրանք համագյուղացու մեքենայով միասին գնացել են Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի սկզբնամասում գտնվող դեպի դաշտեր տանող հատված: Ավտոմեքենայի մեջ տեղի ունեցած զրույցի ընթացքում համագյուղացիները միմյանց չեն հասկացել և հասնելով հիշյալ վայր, վերջիններիս միջև վիճաբանություն է ծագել, որի ժամանակ 25-ամյա երիտասարդն իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է համագյուղացուն՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ:










