Քոչարյան, Փաշինյան․․․Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածուները


Քոչարյան, Փաշինյան․․․Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրած թեկնածուները
Հուլիս 21 13:25 2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 16 անդամներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ:

ԿԸՀ դիմում  է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն է։ 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը կկայանա ոչ թե հուլիսի 26-ին, ինչպես ենթադրվում էր, այլ՝ օգոստոսի 2-ին։ Նույն օրն էլ Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության: Սահմանադրության 149-րդ հոդվածով՝ նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության թեկնածուին»։

Պատգամավորական  մանդատից հրաժարվել է նաեւ գործող խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:  Առայժմ հայտնի չէ, թե այլ պաշտոնի կնշանակվի արդյո՞ք Միրզոյանը։ Մամուլի հրապարակումների համաձայն Միրզոյանը հրաժարվել է իրենց առաջարկված մի քանի պաշտոններից։

 
 

Ցուցակի 3-րդ համարը ներկայացնող Լիլիթ Մակունցը, որ գործող խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, առաջիկայում կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Ցուցակի չորրորդ համարը՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որ ըստ մամուլում տեղ գտած լուրերի, առաջիկայում նշանակվելու է փոխվարչապետ, եւս ինքնաբացարկ է հայտնել:

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ենթադրվում է, որ նա որոշել է պահպանել գործադիրում իր պաշտոնը:

Ինքնաբացարկ ներկայացնողների թվում են նաեւ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:  Նա աշխատանքը կշարունակի նախարարի պաշտոնում։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ամենայն հավանականութամբ կնշաանկվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։  Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

«Հայաստան» դաշինքից առայժմ երկու հոգի է մանդատը վայր դնելու մասին դիմում ներկայացրել ԿԸՀ։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Մարիաննա Եփրեմյանի մասին է։ «Պառիվ ունեմ» դաշինքից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնողներ չեն եղել։

Ինքնաբացարկի դիմումների համար ԿԸՀ կողմից տրված ժամկետը սպառվում է այսօր՝ 18:00-ին: Չի բացառվում, որ մինչ այդ լինեն այլ ինքնաբացարկներ եւս: