Փաշինյանը նախ հանձնեց Ղարաբաղը, իսկ այժմ հանձնում է հայկական հողերի մի մասը և ոչինչ չի ձեռնարկում երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար


Փաշինյանը նախ հանձնեց Ղարաբաղը, իսկ այժմ հանձնում է հայկական հողերի մի մասը և ոչինչ չի ձեռնարկում երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հուլիս 19 17:14 2021

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողություններին, Բաքվի և Երևանի հնարավոր փոխհարաբերությունների հեռանկարներին` ներկայացնելով փորձագիտական կարծիքներ: 

Աղբյուրը նկատում է, որ շփման գծում վերսկսված գնդակոծությունները ենթադրությունների տեղիք են տալիս, որ Բաքուն կարող է նոր ռազմական գործողություն իրականացնել:

Քաղաքագիտության թեկնածու, Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի ավագ դասախոս Կամրան Հասանով, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային պահանջներին, մասնավորապես` «Զանգեզուրն ու Երևանը պատմական ադրբեջանական հողեր լինելու» մասին հայտարարություններին, նկատում է, որ դա, ամենայն հավանականությամբ, հռետորաբանություն է:

«Դժվար թե նա լրջորեն հույս ունի այս տարածքների վերադարձի առնչությամբ: Սահմանը վաղուց է ձևավորվել, Ռուսաստանն այս սահմաններում ճանաչել է Հայաստանը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այսպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում սահմանի փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Ամենայն հավանականությամբ, սա պատասխան է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է»,-ասել է Հասանովը` ընդգծելով, որ ավելի լավ է առաջնորդվել միջազգային իրավունքով և այդ սահմաններով, որոնք ձևավորվել և ճանաչվել են 1991 թվականին:

Մեկ այլ փորձագետ`Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը, իր հերթին, մեկնաբանելով «Մեծ Ադրբեջանի» քարտեզը, նշել է.«Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Շատ փոքր պետություններ, որոնք նոր են ստացել պետականություն (իսկ Ադրբեջանը, հիշեցնեմ, ընդամենը 30 տարեկան է), ունեն այդպիսի քարտեզներ: Դրանց մասին հիշում են ժամանակ առ ժամանակ, օրինակ, երբ հորինում են իրենց պետականության պատմությունը կամ խաղում են տեղական ազգայնականություն հրահրելու համար: Թեհրանը շատ է վախենում իրանցի ադրբեջանցիների շրջանում ադրբեջանական ազգայնականության աճից`ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի, այնպես էլ Թուրքիայի դիվերսիոն գործողությունների պատճառով: Սա նաև սպառնալիք է Ռուսաստանի համար՝  հաշվի առնելով Անկարայի պանթուրքական շահերը և Ռուսաստանի մահմեդական շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նրա պահանջները: Հյուսիսային Կովկասը, Վոլգայի մարզը և այլն»:

Միրզայանը նկատել է, որ այս ամենը պետք չէ Բաքվին, սակայն վերջինս այս ոլորտում կայացվող հարցերում ինքնուրույն չի գործում:

Մեկնաբանելով Ալիևի` «Զանգեզուրն ու Երևանը պատմական ադրբեջանական հողեր լինելու» մասին հայտարարությունները, փորձագետը կարծիք է հայտնել, որ նա լուրջ է խոսում, սակայն միևնույն ժամանակ հասկանում է այդ տարածքների ձեռքբերման բոլոր դժվարությունները. Հայաստանը, ամեն դեպքում, ՀԱՊԿ անդամ է: 

«Եվ չնայած այն փաստին, որ Ռուսաստանը երկրորդ Ղարաբաղյան պատերազմում պարտվեց Թուրքիային, այնուամենայնիվ, նա կապիտուլյացիայի չի ենթարկվել և չի պատրաստվում լուծարել ՀԱՊԿ-ը: Մյուս կողմից, Հայաստանում իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, որը նախ հանձնեց Ղարաբաղը, իսկ այժմ հանձնում է հայկական հողերի մի մասը (որտեղ մտել են ադրբեջանական զորքերը): Ոչինչ չի ձեռնարկում երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,-ասել է փորձագետը:

Լրագրողի ճշտող հարցին առ այն` արդյոք Բաքուն կարող է այդ տարածքները խլելու փորձեր ձեռնարկել Միզայանը նշել է.«Ոչ, դա անհնար է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Նրա վրա անմիջական հարձակումը կստիպի Ռուսաստանին արձագանքել նույնիսկ առանց Հայաստանի արձագանքի (ինչպես դա եղավ այժմ ՝ ադրբեջանական ներխուժման ժամանակ): Պարզապես այն պատճառով, որ դա վտանգվում է Ռուսաստանի՝ որպես մեծ տերության հեղինակությունը»:



loading...