Ռուսաստանում կորոնավիրուսի անհայտ հիմնամանրէով վարակման դեպք է արձանագրվել


Ռուսաստանում կորոնավիրուսի անհայտ հիմնամանրէով վարակման դեպք է արձանագրվել
Հունիս 29 20:50 2021

ՌԴ Չելյաբինսկի մարզում «Քովիդ-19»-ով վարակվածների թվում արձանագրվել են «բրիտանական» և ևս մեկ անհայտ հիմնամանրէով վարակման դեպքեր: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզորի» մարզային վարչության ղեկավար Սվետլանա Լուչինինային:

«Հունիսի սկզբին 44 փորձանմուշ ենք ուղարկել ուսումնասիրության: Բացահայտվել է կորոնավիրուսի երեք հիմնամանրէ՝ երկուսը «բրիտանական», մեկը՝ դեռևս անհայտ ծագման»,- ասել է պաշտոնյան:

Նա նշել է, որ այդ հիմնամանրէն նկարագրություն դեռևս չի տրվել, այն շարունակում են ուսումնասիրել: Վերջինս հավելել է, որ մարզում չի հայտնաբերվել հնդկական «դելտա» հիմնամանրէ:

Միևնույն ժամանակ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ Ռուսաստանում արձանագրվել է վիրուսի «դելտա» տեսակով վարակվելու դեպք, և որ վարակված բնակչուհին թեթև է տարել հիվանդությունը:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5.4 մլն դեպք, որից ավելի քան 134 հազարը՝ մահվան ելքով: