ԱՄՆ-ն կարող է չեղարկել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ սահմանված պատժամիջոցները. NBC


ԱՄՆ-ն կարող է չեղարկել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ սահմանված պատժամիջոցները. NBC
Հունիս 27 05:39 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելը՝ իրանական միջուկային գործարքի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Բայդենի շրջապատի իր աղբյուրներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ հարցն արդեն քննարկվել է Վիեննայում անցկացվող բանակցություններում, որոնք վերաբերում են Իրանի հետ կնքված գործարքին ԱՄՆ-ի վերադառնալուն: Դա պայմանավորվածությունների ընդհանուր փաթեթի մաս է կազմում, որն Իրանին առաջարկում է Միացյալ Նահանգները:

Սակայն դիվանագիտական արարողակարգի համաձայն՝ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել միայն առաջարկների ողջ փաթեթի համաձայնեցման պարագայում:

Ալի Խամենեիի հանդեպ պատժամիջոցներ են սահմանվել ԱՄՆ նախորդ իշխանությունների կողմից 2019 թվականին: Դրանք մեծապես խորհրդանշական բնույթ են կրում. Իրանի հոգևոր առաջնորդին արգելվում է ԱՄՆ մեկնել, ինչպես նաև ֆինանսական գործարքներ կատարել ամերիկյան ընկերությունների հետ: