«Պատերազմում հաղթանակի օգուտը ժամանակի ընթացքում ավելի լավ կհասկացվի». Էրդողանն Ադրբեջան և Արցախ այցելելուց հետո թվիթերյան գրառում է արել


«Պատերազմում հաղթանակի օգուտը ժամանակի ընթացքում ավելի լավ կհասկացվի». Էրդողանն Ադրբեջան և Արցախ այցելելուց հետո թվիթերյան գրառում է արել
Հունիս 17 12:47 2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան, ինչպես նաև Արցախի` 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց հետո գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:

Նա նշել է, որ պատերազմում հաղթանակի օգուտն Ադրբեջանի, Կովկասի և աշխարհի համար ժամանակի ընթացքում ավելի լավ կհասկացվի:

«Քանի որ սա կառուցման, այլ ոչ թե ավերման, արդարության, այլ ոչ թե բռնատիրության, քնքշության, այլ ոչ թե կոպտության, խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, սրտի, այլ ոչ թե արյան հաղթանակ էր»,-գրել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են  թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել էր նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Իլհամ Ալիևն ասել էր, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները: