Տեր-Պետրոսյանը միշտ թեւաթափ է անում մեր ժողովրդին եւ զրկում նրան մեծ նպատակների ձգտումից. Վազգեն Մանուկյան


Տեր-Պետրոսյանը միշտ թեւաթափ է անում մեր ժողովրդին եւ զրկում նրան մեծ նպատակների ձգտումից. Վազգեն Մանուկյան
Հունիս 16 19:26 2021

Այս ընտրությունները պետք է լուծեն մի կարեւորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

NEWS.am-ը ներկայացնում է ամբողջական հայտարարությունը.

«Հունիսի 20-ին տեղի են ունենալու ընտրություններ: Այս ընտրություններն ու հետագա գործընթացները վճռական նշանակություն են ունենալու ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության համար:

Ընտրություններն արտահերթ են՝ պայմանավորված նրանով, որ  ներկա իշխանությունը երկիրը հասցրել է մեծ աղետի: Մենք կորցրել ենք ոչ միայն տարածքներ եւ հազարավոր երիտասարդ կյանքեր, այլեւ մեր հեղինակությունն ու ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, մեր քիչ թե շատ ներքին համերաշխությունը եւ մեր հավատն ապագայի նկատմամբ:

Հետեւաբար այս ընտրությունները պետք է լուծեն մի կարեւորագույն հարց՝ ձերբազատվել այս իշխանությունից:

Ընտրությունների ժամանակ ես միշտ կողմնակից եմ եղել, որպեսզի մարդիկ քվեարկեն ըստ իրենց քաղաքական ճաշակի՝ չանտեսելով նաեւ փոքր, բայց հրապուրիչ ծրագրեր ու գաղափարներ ունեցող ուժերին՝ քաղաքական դաշտում բազմազանություն ապահովելու նպատակով:

Բայց այս վճռական պահին, երբ մենք լուծում ենք այս իշխանությունից ազատվելու կարեւորագույն խնդիրը, իրավիճակը թելադրում է ձայնը տալ այն ուժերին, որոնք ակնհայտորեն ունեն անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն, պատրաստ են համախմբվել վարչապետի միասնական թեկնածուի շուրջ եւ լի են վճռականությամբ ու փորձով փոխելու ստեղծված իրավիճակը:

Դրա հետ մեկտեղ այս պայմաններում շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ, եւ անհրաժեշտ եմ համարում շատ հակիրճ ներկայացնել որոշ դիտարկումներ:

Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են եւ փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական եւ փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը:

2.Մենք ունենք դաշնակիցներ:

Արցախի անկախության հարցը համապատասխանեցված է եղել ինչպես ԽՍՀՄ-ի օրենքներին, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային օրենքներին: Այդ հարցն այսօր էլ դուրս չի եկել միջազգային օրակարգից: Հենց այսօր ԱՄՆ նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկելու են Արցախյան հարցը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես շահագրգռված է բանակցությունների վերսկսման հարցում՝ որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, ինչը նշված է նաեւ 90-ական թվականների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում:

Որոշ պետություններ հետամուտ են այս հարցին՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, մի մասն էլ՝ ելնելով միջազգային օրենքների թելադրանքից: Մենք այս հարցում ունենք դաշնակիցներ, բայց նրանց ներդրումն, ինչպես նաեւ նոր դաշնակիցների ներգրավումը հարցի կարգավորման գործում, կախված է մեզանից:

Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են եւ էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին:

Նախեւառաջ ձեւակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը:

Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել եւ լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել:

Իր պատկերացումներով  Տեր-Պետրոսյանը միշտ թեւաթափ է անում մեր ժողովրդին եւ զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատեւման, ինչը, իմ համոզմամբ, այս տարածաշրջանում կործանարար է մեր պետության եւ ժողովրդի համար:

Դրա վառ ապացույցն է այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի սահմանափակ պրագմատիզմի գաղափարներով սնված շերտը, 2018-ին գալով իշխանության, երկիրը հասցրեց այս աղետին»։