Հիմա Ադրբեջանում դատական գործընթացներ են գնում. չեմ բացառում, որ մեր գերեվարված եղբայրները դատապարտվեն տարբեր տարիների ազատազրկման.Նիկոլ Փաշինյան


Հիմա Ադրբեջանում դատական գործընթացներ են գնում. չեմ բացառում, որ մեր գերեվարված եղբայրները դատապարտվեն տարբեր տարիների ազատազրկման.Նիկոլ Փաշինյան
Հունիս 14 19:10 2021

Կան ուժեր, տխրել են, որ մեր 15 գերիները վերադարձել են ու ինչ բամբասանք ասես տարածում են:

Այս մասին Արտաշատում ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բամբասանքներից մեկն այն է, որ իրենք ռուս գործընկերներից թաքցրել են ականապատ դաշտերի քարտեզի գոյությունը.

«Սա կատարյալ աբսուրդ է: Մինչ այս ադրբեջանական կողմին ինչքան ականապատ փոքր դաշտերի քարտեզներ փոխանցել ենք, արել ենք բացառապես Ռուսաստանի մեր գործընկերների, ռուս խաղաղպահների ներկայությամբ կամ միջոցով: Ես ասել եմ, որ կան այդպիսի քարտեզներ և մենք պատրաստ ենք քայլին քայլով պատասխանել, ավելին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ օրինակներ եմ ուղարկել, որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը »,-ասաց Փաշինյանը և նշեց, թե ոմանք սա շահարկելով, փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, լարումներ: Նա շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի, Վրաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչներին, որ աջակցել են 15 հայ ռազմագերիների Հայաստան վերադարձին.

«Նրանք մեր գերիների վերադարձի հարցում շատ մեծ գործ են ունեցել, բայց դրանից առաջ ուզում եմ հիշեցնել, որ ՌԴ ներկայացուցիչներն են արդյունավետ աշխատել այս ուղղությամբ և նախկինում վերադարձած ավելի քան 50 գերիները ՌԴ իշխանության ջանքերի շնորհիվ է»:

Փաշինյանը հայտարարեց, որ կառուցողական քայլերին հայկական կողմը պատրաստ է պատասխանել կառուցողական քայլերով.

«Մենք ականապատ տարածքների քարտեզները չենք փոխանակել գերիների հետ, մենք ուղղակի կառուցողական քայլին կառուցողական քայլով ենք պատասխանել»,-ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ խոսքն այն տարածքների քարտեզների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի թիկունքում:

Նրա խոսքով՝ այս քայլով վերսկսկվել է գերիների վերադարձի գործընթացը վերսկսվել է, որը բավականին երկար ժամանակ ընդհատվել էր.

«Հիմա Ադրբեջանում դատական գործընթացներ են գնում, չեմ բացառում, որ մեր գերեվարված եղբայրները դատապարտվեն տարբեր տարիների ազատազրկման, բայց ես ուզում եմ բերել Կարեն Ղազարյանի օրինակը, որը 2020թ-ին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, բայց այսօր նա Բերդավանի իրենց տանն է: Մենք պետք է մեր ճանապարհից չշեղվենք և վերադարձնենք բոլոր գերիներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: