Գորիսի փոխքաղաքապետը՝ Սև լճում տիրող իրավիճակի մասին


Գորիսի փոխքաղաքապետը՝ Սև լճում տիրող իրավիճակի մասին
Հունիս 14 18:54 2021

Մայիսի 12-ին ադրբեջանական ուժերը ներխուժել են Սյունիքի մարզի Սև լճի տարածք և այդ օրվանից մեծ հատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանել։

Ադրբեջանը պնդում է, որ տարածքն իրեն է պատկանում, սակայն, հակառակ իրենց պնդումների, Խորհրդային քարտեզներն ապացուցում են, որ լճի տարածքի զգալի հատվածը հայկական կողմին է պատկանում։

«Հրապարակը» Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանից հետաքրքվել է, թե ինչ նորություն կա Սև լճի հետ կապված։

«Իմ տվյալներով՝ որևէ փոփոխություն չկա», - ասել է նա։

Հարցին՝ ադրբեջանցները փորձո՞ւմ են առաջանալ, գիշերը կրակոցներ եղե՞լ են, Յոլյանը պատասխանեց․ «Չէ, չէ։ Փառք Աստծո։ Որևէ միջադեպ, որևէ խնդրահարույց իրավիճակ չի ստեղծվել։ Ընդհանուր առմամբ, այն իրավիճակը, որն ունեինք մայիսի 12-ի դրությամբ, մինչև այժմ շարունակվում է մնալ նույնը։ Դիրքային ոչ մի փոփոխություն չկա»։

Հարցին՝ ադրբեջանական ուժերի հետքաշման ուղղությամբ ինչ-որ բանակցություններ կա՞ն, Յոլյանը պատասխանել է, որ որևէ պաշտոնական տեղեկություն չկա։ «Բանակցությունների մասին որևէ պաշտոնական հայտարարություններ չկան։ Վերջին բանակցություններից հետո էլ արդեն տևական ժամանակ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա:

Հարցին՝ իմքայլականները գալիս-գնում են Գորիս, փոխհամայնքապետը դժվարացել է ասել։ «Չեմ կարող ասել։ Որևէ տեղեկություն չունեմ»,- եզրափակել է Իրինա Յոլյանը։