Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց այդ մանդատի ժամկետն ավարտվեց. Փաշինյան


Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց այդ մանդատի ժամկետն ավարտվեց. Փաշինյան
Հունիս 14 13:51 2021

Գործող իշխանությունը հասկանում է, որ 2018-ի հեղափոխությամբ ստացած թավշյա մանդատի ժամկետն ավարտվել է: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Արարատի մարզում Այնթապում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով թավիշին՝ Փաշինյանը նկատեց, որ ժողովուրդն էլ է դժգոհ, իրենք էլ են դժգոհ: «Դրա պատճառն այն է եղել, որ մենք պարտավոր ենք զգացել հավատարիմ լինել մեր տված խոստումին: Մենք 2018-ին, երբ հեղափոխություն ենք արել, ասել ենք՝ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, կադրային ջարդ չի լինելու: Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ մանդատի ժամկետն ավարտվեց»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դա էլ իր օգուտներն է բերել, հասկացել են, թե ով ով է: Փաշինյանը կրկին խոսեց թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինելու մտադրության մասին: 

«Այս ընտրություններում հարցն այն չէ՝ մենք կմնա՞նք իշխանության, թե՞ չենք մնա, այս ընտրություններում հարցն այն է՝ դուք կմնա՞ք իշխանության, թե՞ չեք մնա, որովհետև իշխանությունն այսօր ձեր ձեռքին է»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ինքը վարչապետի պաշտոնակատար է, հրաժարական է տվել, կառավարությունն էլ հրաժարական տված է, ԱԺ-ի լիազորությունները դադարեցված են և իշխանությունը ժողովրդի ձեռքին է: «Եվ հետևաբար ես ասում եմ, որ ընտրություններում գնաս և քվեարկես ոչ թե իմ օգտին, այլ ասում եմ՝ գնա և քվեարկիր քո օգտին»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ 3-րդ քվեաթերթիկի վրա ֆորմալ առումով 3 անուն է գրված՝ Փաշինյան, Միրզոյան, Մակունց, բայց իրականում այդ քվեաթերթիկի վրա քաղաքացիներից յուրաքանչյուրի անունն է գրված: «Եվ այս ընտրություններում դուք պետք է որոշեք՝ դուք ՀՀ-ում մնու՞մ եք իշխանության, թե՞ կորցնում եք»,-ասաց նա: