Անհավասար մրցակցություն. «Հրապարակ»


Անհավասար մրցակցություն. «Հրապարակ»
Հունիս 12 10:00 2021

«Եվ այսպես, թևակոխեցինք քարոզարշավի ամենաթեժ փուլը։ Ընտրություններին մնաց մեկ շաբաթ։ Այս վերջին տասնօրյակում են հիմնականում կատարվում խախտումներն ու չարաշահումները, ինչպես նաև հենց այս օրերին են կողմնորոշվում դեռևս չկողմնորոշված մարդիկ։ Այն, որ պայքարը թեժանում է, դրա մասին են վկայում նաև նախօրեից տարածվող լուրերը, քրեական գործերի հարուցումներն ու մեղադրանքները։

Ձերբակալել են Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, որը ՀՀԿ անդամ է և «Պատիվ ունեմ» դաշինքն է ներկայացնում։ Գավառում մեղադրանք է առաջադրվել «Բարգավաճ Հայաստանի» անդամին, որին մեղադրում են բնամթերք բաժանելու փորձերի մեջ, ինչը դատախազությունը գնահատել է որպես ընտրակաշառք։ Բայց ամենաշոշափելի խախտումները, իհարկե, անում են իշխող ուժը և նրան սպասարկող ուժային կառույցները։

Օրինակ, ոստիկաններ են այցելում մարդկանց տներ, փորձում են վարչական խողովակներով արգելել Քոչարյանի և մյուս ընդդիմադիր ուժերի նախընտրական հավաքներին մասնակցությունը։ Իսկ վարչապետի՝ արձակուրդում գտնվող ժամանակավոր պաշտոնակատարը՝ ոստիկաններով ու թիկնազորով շրջապատված, այցելում է մարզեր, շրջիկ խմբերի ուղեկցությամբ քարոզարշավ է անում։

Եվ այդ քարոզարշավի ժամանակ անթույլատրելի, Քրեական օրենսգրքով պատժելի հռետորաբանություն է կիրառում՝ թշնամանք ու ատելություն տարածելով, սպառնալով ու հայհոյելով։ Տարբեր անձինք և ուժեր դիմում են ԿԸՀ, դատարան, միջազգային հանրությանը՝ իշխող ուժի գրանցումը չեղյալ անելու, վարչապետի ԺՊ-ին կարգի հրավիրելու համար, սակայն ապարդյուն։ Պարզ է, որ իշխանության փաստացի կրողն ու մյուս քաղաքական ուժերը շատ անհավասար պայմաններում են։ Հենց դրա համար էլ օրենքը խախտելով՝ Փաշինյանը պահպանեց վարչապետի ԺՊ-ի կարգավիճակը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։