«Այո, ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքը». Տեր-Պետրոսյան


«Այո, ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքը». Տեր-Պետրոսյան
Հունիս 10 16:43 2021

Այն ժամանակ ես ինչպես պատկերացնեի, որ Նիկոլը դառնալու է Հայաստանի վարչապետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն–Տեր Պետրոսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ անցած ճանապարհի մասին։

«Մի երկու-երեք տարի Նիկոլի հետ եմ աշխատել մինչև մեր Կոնգրեսի դաշինքով մտավ պառլամենտ, մտնելուց հետո հենց առաջին օրը նա խզեց իր կապերը Կոնգրեսի հետ, իրեն հարցրեք, ե՞ս պետք է ասեմ, թե Նիկոլն ինչու արեց։ Նա արդեն իր ծրագիրն ուներ, իրեն պետք էր մի անգամ պատգամավոր դառնալ, որ դառնա հանրային դեմք, բայց այդ մարդը շատ հետևողական, սևեռուն մարդ է, մի նպատակ դրել է, մինչև եղավ չէ՞, հետո այդ «րյուկզակ»–ները հագավ եկավ դարձավ Հայաստանի թագավոր»,–ասաց նա։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ավելի երկար է շփվել, համագործակցել։ «Այստեղ ինչ կա, կարող եք համագործակցել, շատ լավ, բարեկամաբար, բայց ինչ–որ պահի կարող է խզվել, և խզվեցինք այդ սկզբունքային հարցի պատճառով և Վազգեն Սարգսյանի, և Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ 98 թվականի իմ հրաժարականով մենք բացարձակապես խզվեցինք»,–ասաց նա։

Լևոն Տեր–Պետրոսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին համարում է ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգը։ «Որովհետև ես վստահ եմ՝ գալու է մի օր, որ մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերություններ իսկի իր ընտանիքը չի կարողանում»,– ասաց նա։

«Այո՛, գալու է այդ օրը, երբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մենք ունենալու ենք բարիդրացիական, նորմալ հարաբերություններ, քանի որ դա միայն երկկողմանի չէ, դրանում շահագրգռված է նաև առաջին հերթին Ռուսաստանը։ Ռուսաստանին ձեռք է տալիս հիմա, որ հաշտություն կայանա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև, ամբողջ աշխարհին է դա ձեռք տալիս, դա է լինելու, բայց դրա համար պետք է Հայաստանում նորմալ իշխանություն լինի, եթե Նիկոլը մնաց, արդեն գիտենք ինչ է լինելու, Սերժը չի էլ հավակնում, Ռոբերտ Քոչարյանը նույնպես ռեալիստ չէ, իրատես չէ, իր տեսադաշտի կենտրոնը ինքն է։ Նիկոլն արդեն տեղով սպառնալիք է, ազգի կեսն է կործանել, մյուս կեսն էլ կկործանի»,– հավելեց նա։

Առաջին նախագահը նկատեց, որ Հայաստանի պետական մեքենան ջախջախված է, պետական այն պարզապես գոյություն չունի։

 



loading...