ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում: Ֆեյսբուքյան իր էջում այս կարծիքն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ պայմանավորված պատերազմի հետևանքներով և ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության պայմաններում:
«Հիմքում պետք է դնել մարդու և առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի, սեփականության, արժանապատիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու (pursuit of happiness) և այլ իրավունքներ): Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում»,–գրել է Թաթոյանը` հիմնավորելով, որ այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են:
Նա հիշեցրել է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը:
«Դրա համար էլ կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում»,–նշել է Արման Թաթոյանը: