Բանակցությունները բարեհաջող են ավարտվել. Ադրբեջանական զորքերը լքում են ՀՀ տարածքը


Բանակցությունները բարեհաջող են ավարտվել. Ադրբեջանական զորքերը լքում են ՀՀ տարածքը
Մայիս 16 20:00 2021

Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն այսօր ավարտվել են, նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն: Այս մասին ասաց Սյունիքի Վերին Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանը:

 

«Նախնական տեղեկություններով նրանք պետք է հետ քաշվեն, լարվածությունը իջնի, հետո դիրքեր պետք է դնեն: Բայց դիրքերը մեր բնակավայրեր մոտ չեն լինելու»,- ասաց նա ` հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություններ ավելի ուշ կտրամադրի:

 

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

 

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի հատված էին առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

 

Այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

 



loading...