Չեմ բացառում քաղաքական ստվերային գործարքները. Աշոտյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին


Չեմ բացառում քաղաքական ստվերային գործարքները. Աշոտյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին
Մայիս 15 18:20 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի բացառել, որ Սյունիքում տեղի ունեցող գործընթացներում կան ստվերային պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել հայ ժողովրդի մեջքի հետևում:

Նրա արձանագրմամբ՝ հակառակորդի կողմից անարգել ՀՀ սուվերեն տարածք ներխուժելը   հերթական դաշույնն է, որը մխրճվել  է հայ ժողովրդի որովայնի մեջ, քանի որ կան պայմանավորվածություններ:

«Ինչու՞ այսպես եղավ, ինչու՞ էր  իշխանություն կոչվածը հերքում այդ տեղեկությունները, ասում, որ մենք խուճապ ենք տարածում: Արդյունքում պարզվեց, որ մենք ճիշտ ենք, իսկ իրենք բոլորը՝ սուտասաններ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը չի բացառել իշխանությունների կողմից ռազմական դրություն հայտարարելը, որպեսզի այս ընտրությունները չեղյալ համարվեն:

«Երբ մենք հայտարարեցինք, որ մասնակցում ենք ընտրություններին, փաստեցինք, որ, ցավոք սրտի, հետևել ենք քաղաքական դաշտի այն զարգացումներին, որոնք չկարողացանք կանխել: Մեզ համար պարզ էր, որ Հայաստանն ի վիճակի չէ գնալ ընտրություններին, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ ունի, այդ թվում անվտանգային: Եվ չի կարելի գնալ ընտրությունների այս կապիտուլյանտ իշխանության հետ: Եվ, ցավոք սրտի, մեր բոլոր կանխատեսումները իրականացան: Եվ հիմա քաղաքական ուժերի և ժողովրդի մեծամասնությունը համոզվում, որ մենք ճիշտ ենք եղել», - շեշտել է Աշոտյանը: