Լեհաստանում ՀՀ դեսպանության փաստաթղթերը վկայում են Փաշինյանի եւ Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստը. Ղազարյան


Լեհաստանում ՀՀ դեսպանության փաստաթղթերը վկայում են Փաշինյանի եւ Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստը. Ղազարյան
Մայիս 3 20:28 2021

Այսօր Լեհաստանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում հրապարակվել են պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են Նիկոլ Փաշինյանի եւ Արա Այվազյանի կողմից իշխանության յուրացման փաստի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Մասնավորապես, 2021 թվականի մայիսի 3-ին ստորագրված պաշտոնական գրություններում ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հռչակել է ՀՀ վարչապետ, իսկ Արա Այվազյանը` ՀՀ արտաքին գործերի նախարար: Սա այն դեպքում, երբ  ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի հիմքով ՀՀ նախագահի 2021 թվականի ապրիլի 25-ի համապատասխան հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը։ Այս երկու անձանց գործողություններում հստակ կերպով նկատելի են ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ինչի կապակցությամբ հրավիրում եմ ՀՀ դատախազության եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության ուշադրությունը»,- գրել է Ղազարյանը։