Կանադայի Քվեբեկ նահանգում արձանագրվել է երկրում մահվան առաջին դեպքը AstraZeneca ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումից հետո արյան մակարդելիության խախտման պատճառով:
Ինչպես փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, արյան մակարդելիության խախտումը կարող է պայմանավորված լինել պատվաստմամբ:
Երկրում, ընդհանուր առմամբ, դեղամիջոցի ներարկումից հետո մակարդելիության հետ կապված խնդրի առաջացման 6 դեպք է արձանագրվել: Պաշտոնատար անձինք պնդում են, որ պատվաստանյութի առավելությունները գերազանցում են վտանգները:
Կանադայի առողջապահության նախարարությունը երկրում AstraZeneca անգլո-շվեդական ընկերության պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել փետրվարի 26-ին: Բացի այդ, երկրում կիրառվում են նաև Pfizer/BioNTech, Moderna և Janssen ընկերությունների դեղամիջոցները:
Կանադայում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրոսով վարակվել է ավելի քան 1,19 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 24 000-ը: