Ինչպես պարտադիր է երկրից մեկնելու համար կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ունենալը, գուցե հետագայում պարտադիր լինի նաև պատվաստման հավաստագիրը․ Անահիտ Ավանեսյան


Ինչպես պարտադիր է երկրից մեկնելու համար կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ունենալը, գուցե հետագայում պարտադիր լինի նաև պատվաստման հավաստագիրը․ Անահիտ Ավանեսյան
Ապրիլ 17 00:36 2021

Այսօր մենք դեռ ունենք մահճակալային ֆոնդ՝ կորոնավիրուսով  հիվանդներին սպասարկելու համար և կարող ենք արձանագրել, որ այս ալիքի թվերի աճը կանգնել է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հայաստանը հիմա գտնվում է կայուն ծանր իրավիճակում, մենք միջինում ունենում ենք 800-900 վարակման դեպք, չնայած աճի դինամիկան կանգնել է: 2006 մահճակալ սպասարկում է քովիդով վարակակիրների»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նաև նշեց՝ ըստ նախարարության ծրագրի քանի քաղաքացի է պատրաստվում Հայաստանում պատվաստում ստանալ:

 

«Astrazeneca պատվաստանյութով պատվաստվել են մոտ 200 քաղաքացիներ և պատվաստանյութից չի գրանցվել կողմնակի ազդեցության որևէ դեպք: Մոտ 600-700 հազար բնակչի համար պետք է իրականացնենք պատվաստումային ծրագիր և պետք է այլ պատվաստանյութեր ևս ներմուծենք»,- նշեց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց՝ պատվաստման համար քաղաքացիները ստանալու են հավաստագիր, որը կգործի նաև մյուս երկրներում:

«Քաղաքացին կստանա հավաստագիր և ինչպես օրինակ հիմա պարտադիր է՝ համավարակի բացասական թեստը ճամփորդելու համար, կարծում ենք կգա մի օր, երբ պարտադիր կլինի պատվաստման հավաստագրի առկայությունը»,- նշեց նա:

Նախարարը նաև խոսեց կորոնավիրուսի մուտացված տարբերակներից մեկի՝ բրիտանական շտամի մասին։

«Անգլիական շտամի հետ կապված չեմ կարող մանրամասն խոսել, որովհետև խորքային վերլուծություն այդ մասով չկա, այն ավելի վարակելի է, դա փաստ է, բայց՝ ինչպես է անցնում, ծանրության առումով դեռ որոշակի հետազոտություններ ամփոփված չկան»,- ընդգծեց նա:

Անահիտ Ավանեսյանը նաև անդրադարձավ առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին և քարոզարշավներին և նշեց՝ մի շարք այլ երկրներում իրականացվում են ընտրություններ և քարոզարշավներ, իսկ քաղաքական գործընթացներին համավարակը չպետք է խանգարի:

«Միանշանակ դիմակների կրումը մեզ ռիսկերից պաշտպանում է և ես դա միշտ շեշտում եմ, բայց այս համավարակի պայմաններում մի շարք երկրներում իրականացվել են և ընտրություններ և քվեարկություններ, փորձ է արվել չխոչընդոտել քաղաքական պրոցեսներին և հնարավորինս հակահամաճարակային կանոնները պահպանելով կազմակերպել ընտրական գործընթացներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։