Ռիոյից հետո բացարձակ ոչինչ կորած չէ,սպասում եմ հաջորդ օլիմպիական խաղերին.Ա. Ջուլֆալկյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)


Ռիոյից հետո բացարձակ ոչինչ կորած չէ,սպասում եմ հաջորդ օլիմպիական խաղերին.Ա. Ջուլֆալկյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Հունվար 21 13:32 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

-Արսե՛ն, եթե հնարավորություն ունենայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք, ի՞նչն այլ կերպ կանեիք:

-Մինչև վերջերս, երբ ինձ այս հարցը տալիս էին, հիմնականում պատասխանում էի, որ ոչ մի բան չկա, որ կուզենայի փոխել, որովհետև ինչ եղել է հետս, գրեթե ամեն ինչից գոհ եմ, բայց վերջերս՝ բավականին երկար մտածելուց հետո, շատ պատահական հանգեցի նրան, որ Բաքվի խաղերը շատ որոշիչ եղան ոչ միայն ինձ համար, այլ նաև կարծում եմ՝ մեր ամբողջ հավաքականի: Դա նաև շատ լուրջ նշանակություն ունեցավ կյանքում, որովհետև թիմում սկսվեց կարծիքների բաժանում՝ մեծամասնությունը մի կարծիքի էր, փոքրամասնությունը՝ մեկ այլ, վերջում, ինչ-որ առումով, պառակտվեց թիմի միասնությունը: Փորձեցի ինչ-որ առումով պայքարել, որ այդ միասնությունը պահպանվի, հաղթահարվի այդ ամենը և դա բնավ չէր կարող հանգիստ անցնել ու ոչ մի հետք չթողնել հենց ինձ վրա՝ որպես թիմի անդամ:

Ցավոք, բավականին նյարդեր տարավ այդ պրոցեսը: Ու կարծում եմ՝ 2015թ աշխարհի առաջնության ձախողման մեծ պատճառը հանդիացավ հենց այդ ընթացքը՝ անընդհատ խոսակցություններ, տարբեր հարցազրույցներ, թիմի ներսում փակ զրույցներ: Տհաճ էր այդ ամբողջ պրոցեսը և բացասական հետևանք թողեց թե՛ սպորտային, թե՛ անձնական կյանքում, շատ մարդկանց ավելի լավ ճանաչեցի՝ դա անչափ կարևոր էր, դրանով եմ նաև շատ գնահատում այդ պրոցեսը. շատ մարդիկ ուղղակի բացահայտվեցին, դա եղավ ամենալավ հայելին, որ մարդկանց ճանաչես, ամեն մարդ իր իրական պատկերը ցույց տվեց՝ կոնկրետ թիմում ի նկատի ունեմ: Գրեթե բոլորը երևացին՝ ով ինչ էր, ով ինչ էր խոսում, ինչ արեց , ինչպես արեց, մի խոսքով շատ տհաճ պրոցես էր, դա կուզեի փոխել: Կուզեի, որ առհասարակ չլիներ Բաքու-2015 խաղեր կոչվածը՝ ամեն առումով բացասական էր, մի բանն էր միայն դրական, որ մարդկանց ճանաչեցի ավելի լավ:

-Հիմա հավաքականում ունե՞ք ընկերներ, ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Իհարկե՛: Չստացվի, որ հենց հայտիներից ենք խոսում, բայց եթե ընկերներ, ապա, օրինակ, ես և Արթուր Ալեքսանյանը միասին ենք մեծացել, մեր հայրերը ընկերներ են եղել, նույն թիմում են եղել, Արթուրը ծնվել է, ես նրան տեսել եմ, նույնիսկ, այսպես ասած, խնամակալ եմ եղել Արթուրի համա, երբ մեր մայրերը իրենց գործերով են եղել, Արթուրն ինձ մոտ է մնացել, ես նրանից 4-5 տարի մեծ եմ: Դա մանկությունից եկած է ու ինչքան Արթուրի տարիքն է, այդքան իրար ճանաչում ենք: Շատ ընկերներ ունեմ, ամենահարազատ ընկերներից մեկը՝ Խոսրով Մելիքյանն է, ով, ցավոք, պրոֆեսիոնալ կարիերան թողեց, հիմա մարզչությամբ է զբաղվում, նրա հետ էլ կրկին միասին ենք մեծացել: Եթե բառիս բուն խորությամբ ասեմ ընկեր, չեմ ուզի ասել, որ ամբողջ թիմն են ընկերներս, որովհետև սուտ կլինի, բայց բոլորի հանդեպ սիրով, ջերմ, կարծում եմ՝ նույն ձև էլ նրանք իմ հանդեպ:

 

Մենք թիմակիցներ ենք, թիմակից ասվածը շատ լավ բնորոշում է այն հարաբերությունները, որոնք կան մեր թիմում, իսկ դա շատ կարևոր է: Ունենք մի այսպիսի արտահայտություն՝ « ըմբշամարտի սպայկա» կոչվածը, բոլոր սպորտաձևերը նախանձում են այդ հասկացողությանը, որովհետև շատ քիչ սպորտաձևերում կհանդիպես դա: Ըմբիշները չեն տարբերվում ոչ ազգությամբ, ոչ կրոնով, ըմբիշները տարբերվում են իրենց կոտրված ականջներով, եթե ականջներդ կոտրված է, դու արդեն մեր ընտանիքի անդամ ես, կապ չունի որ ագզից ես, որ երկրից ես (ժպտում է): Օրինակ, հիմա եթե ես գնամ մի երկիր, որտեղ ընկերներ չունեմ, մի ըմբիշ տեսնի, որ ականջներս կոտրված են, նույնիսկ չճանաչի էլ ինձ, ամեն ինչով կփորձի օգտակար լինել: Օրինակ Իտալիայում՝ Պալերմոյում, կանգած սպասում ես տրանսպորտի, մեկը տեսնում է, որ ըմբիշ ես, ուզում է քո անձնական գիդը լինել, ինչքան հաճելի է, չէ՞: Պարզվում է, որ ինքն էլ է զբաղվել ըմբշամարտով: Լուվրում էլ է եղել, երբ նստած եմ եղել հոգնած, հանկարծ տեսել եմ՝ մեկը արձանի հետևից նայում, հետ է գնում (ժպտում է):

-Ռիո-2016թ խաղերից ի՞նչն է ամենից շատ տպավորվել Ձեր մեջ, հիմա, երբ հետ եք նայում, ի՞նչ եք զգում:

-Ռիո-2016-ը ամեն առումով բացասական մնաց ինձ մոտ: Սկսած քաղաքից, մանկությանս երազած քաղաքն է՝ երբ փոքր էի, երևի սերիալներից է տպավորվել, այն ժամանակ սկզբում հնդակական, հետո բրազիլական սերիալներն էին ու, չեմ կարծում՝ մեկը լինի, որ ասի, թե չի ուզում Ռիոն տեսնել, որովհետև շատ լուրջ PR է արվում իրականում: Ռիոն իրականում ավելի շատ բացասական քաղաք է, քան դրական: Դրական է նրանով, որ լատինական կուլտուրան շատ աշխույժ է, լավն է ու տաք, բայց բուն քաղաքը ավելի բացասական է, այսինքն այնտեղ կա շատ մեծ կրիմինալ, անհանգստություն, կեղտ՝ մաքուր չեն նույնիսկ տարրական բաները, այդքան գեղեցիկ չէ, չնայած որ ամբողջ Ռիոն շրջեցի այդ մեկ շաբաթում՝ ցրվելու հնարավորություն եղավ: Օլիմպիական խաղերը բացարձակ վատ էին կազմակերպված , չկար մի բան, որ ասեիր նախորդ երկու օլիմպիական խաղերին գոնե հավասար է: Պեկինում եմ եղել՝ հրաշք օլիմպիական խաղերն էին, համենայնդեպս մինչև այսօր չգերազանցված, Լոնդոնը նույնպես վատ չէր, բայց Ռիոն ուղղակի խայտառակություն էր, չէր կարելի նման ձևով անցկացնել, կամ գոնե պետք է չտային նման պետության, եթե գիտեին, որ հնարավորություններ չունի: Սովորական մի օրինակ՝ օլիմպիական գյուղից մինչև քաղաք հասնելու համար ժամ ու կեսից երկու ժամ էր պետք, դրան էլ գումարած երկու-երեք տրանսպորտ պետք է փոխեիր: Գողությունն էր շատ տարածված նույնիսկ օլիմպիական ավանում՝ սենյակիցդ կարող էին գողություն անել: Անսարք բազմաթիվ բաներ կար, սնունդն էր վատ, հետաքրքրություն չկար բուն օլիմպիական գյուղում:

Մի բան կարող եմ ասել, որ բնորոշում է այդ ամբողջ ընթացքը՝ միշտ չէ, որ դու ամեն ինչ իդեալական ես անում, բայց արդյունքը այդպիսին է: Համենայնդեպս ես չեմ գտնում տեղ, որ պատրաստվելուց թերացել էի, գոնե մայիս ամսից հարյուր տոկոսով նվիրված էի օլիմպիական խաղերին, ինձ համար ոչինչ չկար՝ ո՛չ ընկերություն, ո՛չ ընտանիք,մնացել էի ես ու ըմբշամարտը: Ամեն ինչ ճիշտ էր արվում, ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ էր արվում, կար մեծ սպորտ, փառք Աստծո, հայրս կողքիս էր իր փորձով, ես ինքս այսքան ճանապարհ անցած, թիմակիցներս փորձում էին ամեն ինչով օգտակար լինել, վնասվածք չկար, առողջ էի, ամեն ինչ շատ ճիշտ էր պլանավորած, ամեն ինչ լավ էր թվում էր, ոչ մի խանգարող բան չկար, գնացի հասա, էլի շատ լավ էի ինձ զգում, այստեղ էի շատ լավ ինձ գզում, նույնիսկ մի փոքր կասկած չկար, որ գոնե 80 %-ով մեդալ պետք է լինի, չեմ ասում ոսկի, դա ոչ մեկ չի կարող ասել նախօրոք, բայց մեդալ՝ անռնվազ բրոնզի հարցում վստահ էի: …Ու հանկարծ գնացի… այդպես անհաջող…Չեմ կարող ասել էլի, դա երևի հենց օլիմպիական խաղերի յուրահատկությունն է:

Եթե շատ մասնագիտորեն վերլուծեմ, կարող եմ ասել՝ միգուցե շտապեցի՝ այն առումով, որ երկրորդ գոտեմարտը շատ կարևոր էր, որոշիչ էր լինելու հիմնական հակառակորդ էր, որի հետ վեց անգամ հանդիպել էինք մինչև օլիմպիական խաղերը, մեր հանդիպումների հաշիվը ընթանում էր 3:3 ու ով հաղթեր այդ գոտեմարտում, առնվազն բրոնզը նվաճելու էր: Ու ինձ թվում է ՝միանգամից սկսեցի տրամադրվել այդ գոտեմարտին, որն էլ բացասական ու ճակատագրական եղավ, բայց հետագայում, երբ արդեն հետ եկա, նայում էի ուրիշ անվանի մարզիկների ելույթները, իսկ այնտեղ միայն հունահռոմեական 5 թե 6 աշխարհի չեմպիոն առաջին գոտեմարտից պարտվեցին: Շատ յուրահատուկ է օլիմպիական խաղերի 4 տարին մեկ լինելու ֆակտորը: Դու գիտես, որ ուղղակի կարող է էլ բախտ չվիճակվի, որ դու գտնվես այնտեղ:

-Պարտության առաջին վայրկյանները ո՞ւմ հետ եք կիսել:

-Առաջին վայրկյանները կիսել եմ հենց եղբորս հետ, ով և՛ եղբայր է, և՛ ընկեր, վերջին շրջանում և՛ մարզիչ, կարելի է ասել: Շատ դժվար էր, բայց հետո հասկացա, որ ինչքան շատ մնաս դրա մեջ, այդքան վնաս ես տալու ինքդ քեզ ու քո պրոֆեսիոնալ կարիերայից բացի վնասելու ես նաև քո կյանքի ռիթմին, քո ընտանիքին, ընկերներին, դառնալու ես ուղղակի բացասական կերպար, իսկ դու այդպիսին չես, դու, կոպիտ ասած, «լուզերի» տպավորություն ես թողնելու: Ինչի՞ համար, երբ դու բոլոր պարգևները ունես սպորտում, հիմա ի՞նչ անենք չեղավ, ոչ մեկի ճակատին չի գրված, կյանք էլ առջևում է, ամենակարևորը, որ դու դեռ հնարավորություն ունես, բացարձակ ոչինչ կորած չէ, հավաքվիր, չորս տարի կենտրոնացիր, նույն կերպ ինչպես առաջ ես հաղթել, հիմա էլ նորից հաղթիր: Այնպես որ հնարավոր եղավ հաղթահարել այդ դժվար պահը, մի փոքր ավելի բարդ, քան մնացած դեպքերում, մի քիչ էլ դեռ կա նստվածք՝ ճիշտն ասած: Աշխատում եմ հիմնականում չխոսել այդ թեմայից, որովհետև ինչ էլ լինի, հիշում ես, բայց վստահ եմ՝ առաջիկա ամիսներին կհաղթահարեմ:

-Ո՞րն է այն ամենակարևոր խորհուրդը, որ ստացել եք Ձեր հորից ու այն դարձել է Ձեզ համար նշանաբան:

-Սկսել եմ մտածել այդ ուղղությամբ, քանի որ հիշարժան խորհրդի մասին հարցը շատ է տրվում: Հիմա պահի տակի հիշեցի մի դեպք. մի անգամ մեքենայով տեղ էինք գնում ու դիմացի վարորդը խախտում արեց՝արգելված վայրում շրջադարձ արեց, հայրիկիս ասացի՝ դու էլ արա, ասաց՝ ինչի՞ անեմ, ասացի՝ դե տես, դիմացինն անում է, դու էլ արա: Ինքը շատ կարճ ինձ ուղղակի ասաց՝ տղա ջան, միշտ հիշիր, երբեք մի՛ արա սխալ բաներ՝ հիմնավորելով դա այն ձևով, որ ինքը արել է ես էլ եմ արել, ուրիշի սխալը, որպես արդարդացում, քեզ մի՛ վերցրու: Երևի նա չի էլ հիշում, որ նման բան է արել, որովհետև դա շատ շոտւ էր, ես երևի 15 տարեկան էի: Ու հիմա, երբ շատ դեպքերում հանկարծ մեկը մի սխալ բան է անում, ես էլ եմ գայթակղվում, անընդհատ հիշում եմ, որ չէ՛, ավելի լավ է դժվար լինի, բայց ճիշտ, քան թե սխալ ու արագ: Իսկ առհասարակ, կարծում եմ, որ երեխայի համար ամենալավ օրինակը ծնողի պահվածքն է:

-Երբևէ միտք ունեցե՞լ եք սպորտից հեռանալու ու եթե սպորտից դուրս Ձեզ պատկերացնում եք, ինչո՞վ պիտի զբաղվեք:

-Սպորտը, ցավոք սրտի, այնքան լի է վերելքներով ու վայրէջքներով, որ եղել են պահեր շատ հիասթափված, եղել են պահեր ամեն ինչ զզված՝ թե՛ մարզիչներից, թե՛ բուն սպորտաձևից, մարդկանցից, որոնց դու տեսնում ես այդ բնագավառում, հոգնեցնում է: Բայց հետո հասկանում ես, որ չկա մի բնագավառ, որ այդ ամենը չլինի: Օլիմպիական խաղերից հետո շատ հոգնած էի այդ ամենից, հիսաթափված չեմ եղել, հակառակը՝ ընդամենը մեկ ամիս անց որոշեցի, որ հաստատ շարունակելու եմ, որովհետև օլիմպիական խաղերից առաջ որոշել էի, որ ոսկին լինի ու դադարեցնեմ : 
Ինձ տեսնում եմ իմ մասնագիտության՝ դիվանագիտության մեջ, օրինակ, հենց մեր ԱԳՆ ապարատում, նաև սպորտի բնագավառում՝ օրինակ ՄՕԿ-ում` ունենալով որևէ պաշտոն, դիրք, որով լավագույնս կկարողանամ ծառայել սպորտի տարածմանը: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում նույնպես շատ տարբեր հնարավորություններ կան գործունեություն ծավալելու: 

-Կյանքում ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Ամենից շատ շնորհակալ եմ ընտանիքիս համար՝ թե՛ իմ մեծ ընտանիքի, թե՛ արդեն իմ ստեղծած ընտանիքի համար: Եվ հենց այդ ամենն էլ ինձ երջանկացնում է:

-Փոքրիկի ծնունդից հետո պետք է, որ նպատակների առաջնահերթությունը փոխված լինի, հիմա որո՞նք են Ձեր առաջնային նպատակները:

-Այո՛, ամեն ինչ փոխվել է: Թվում էր, թե արդեն լրիվ պատրաստ եմ, գիտեմ՝ ինչ է երեխան, բայց միևնույն է, տեսականը մի բան է, պրակտիկան՝ բոլորովին այլ (ծիծաղում է): Նա իրենից ներկայացնում է բազմաթիվ դրական էմոցիաներ՝ չբացառելով նաև բացասականը՝ դու քո ժամանակն ես կիսով չափ ամբողջությամբ հատկացնում երեխային, առողջությունդ ես հատկացնում, հարմարվում ես ամբողջութամբ երեխային, պետք է կարողանաս ամեն ինչ կառուցել նրա շուրջ, այլևս նա է կենտրոնը, նա է թելադրում երբ քնես, երբ սնվես, երբ հանգստանաս, ինչ հագնես, քանի անգամ հագուստդ փոխես (ծիծաղում է):

Ե՛վ շատ հաճելի է, և՛ բարդ, բայց այդքան բարդություններից հետո մի հատ գալիս է քեզ փաթաթվում ու համբուրում և ամեն ինչ մոռանում ես ուղղակի, պատրաստ ես նույն ձևով շարունակել քո «ստրկային» աշխատանքը (ծիծաղում է), էլ չասեմ, որ հանկարծ եթե մի փոքր վատառողջ է լինում, միանգամից ամեն ինչ կորցնում է իր հետաքրքրությունը, ուշք ու միտքդ կենտրոնանում է նրա վերականգման վրա: Ժամանակին, երբ ինձ ինչ-որ՝ թեկուզ լուրջ բան էր լինում, առաջինը մտածում էի, թե երբ եմ հաղթահարելու, որ սպորտիս վնաս չլինի, հիմա՝ ամեն ինչ անեմ, որ հանկարծ երեխայիս բան չլինի:

-Այսինքն, փոքրիկն ինչ-որ առումով երկրորդ պլան է մղել սպորտը:

-Կնոջս շնորհիվ՝ ո՛չ, որովհետև շատ լավ պահում է այդ բալանսը, աշխատում է ամեն կերպ այնպես անել, որ սպորտը մնա առաջինը, թեփետ, չեմ կարող հերքել, որ որոշ չափով տարել է փոքրիկը այդ ուշադրությունը, դա չես կարող ուղղակի լրիվ բացառել, չես կարող մարզվելուց նրա մասին չմտածել, իսկ առաջ ես մտածում էի միայն ըմբշամարտի մասին: Բայց ես դա բացասական չեմ գնահատում, հակառակը՝ դա էլ մի նոր մոտիվացիա է, մի նոր շունչ. եթե գործը մի պահ կարող է կորցնել իր իմաստը, ապա երեխայի ծնունդը կարող է այդ նոր շունչն ու թարմությունը լինել, որը նոր իմաստը կտա ամեն ինչին ու դու էլի կշարունակես՝ հիմա էլ հաղթանակներդ նվիրելով այդ փոքրիկին:

-Արսե՛ն, հիմա սպասո՞ւմ եք հաջորդ օլիմպիական խաղերին:

-Իհարկե՛ հաստատ, ուղղակի հիմա ժամանակավոր պասիվ փուլ է մոտս՝ կապված զուտ մասնագիտական պրոֆիլկատիկ բուժումների հետ՝ կային վնասվածքներ, որոնք ամեն անգամ մրցումներից հետո նորից ինչ-որ մի հեռու դարակում պահվում էին, որովհետև ժամանակ չկար ուղղակի բուժելու ու այդ ամենը կուտակվեց-կուտակվեց, իսկ դա արդեն մի մեծ բան է դառնում, սկսել էր լուրջ խանգարել: Օլիմպիական խաղերից հետո նոր ցիկլ է սկսվելու, շտապելու ոչ մի բան չկա,ավելի լավ է ամեն առումով լիարժեք պատրաստված` աշխարհի չեմպիոնին վայել վերադառնալ: Եվրոպայի, աշխարհի առաջնություններին կմասնկացեմ, երբ վնասվածքներս ամբողջությամբ բուժվեն և զգամ, որ իրոք պատրաստ եմ, այսինքն միայն փորձելու համար չեմ անի: Կարծում եմ՝ առաջիկա Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ՝ հենց այդ բուժունմների հետ կապված և եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ամենայն լրջությամբ կսկսեմ պատրաստվել օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությանը:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը… շատ հետաքրքիր է, շատ տարբեր, շատ բազմազան: Շատերը երևի թե չեն էլ կարող պատկերացնել ինքչան բազամազան է, որովհետև շատ շատերը մտածում են, որ մարզիկը միայն սպորտով է զբաղվում , գիտնականը՝ միայն գիտութանբ: Միգուցե շատերի մոտ հենց այդպես է, ես չեմ հերքում դա, բայց ինձ մոտ դա այդպես չէ:

Մի օր ես… բավականին տևական ժամանակով կհայտնվեմ ինչ-որ էկոտիկ կղզում, որտեղ կկարողանամ զբաղվել միայն ձկնորսությամբ, դայվինգով, գրքեր կարդալով, հանգստանալով ու կկորցնեմ ուղղակի ժանանակի զգացողությունը: Չեմ ունենա ինտերնետ, կամ եթե ունենամ, միայն կօգտագործեմ շատ սահմանափակ բաների համար:

Կյանքը մեկ օրում…հետաքրքիր է, չէի մտածել այդ մասին…Եթե փորձենք ամենակարևորը մեկ օրում տեղավորել, կփորձեի ինչ-որ յուրահատուկ, անմոռաց ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, ինչ-որ գժություն անել ամենամտերիմ ընկերներիս հետ, միայնակ էլի մի գժություն անել, որը միշտ ուզել եմ, բայց տարբեր՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի ստացվել: Եվ վերջում օդապարիկով կթռչեի:

Տարիների ընթացքում…մարդը դառնում է շատ ավելի խոհեմ, սառնասիրտ, հավասարակշռված, հանգիստ, էմոցիաները տեղափոխվում են երկրորդ պլան: Սկզբում՝ ինչ-որ տարիքում, դու շատ ռոմանտիկ ես ամեն առումներով, կյանքին նայում ես վարդագույն ակնոցներով, հետո քիչ-քիչ իրականությունն ես տեսնում, որը բավականին դառն է և ամեն անգամ բախվելով դրան՝ հասկանում ես, որ պետք է կոփվել ու պատեր շարել և թույլ չտալ որ ամեն մարդ, ամեն բացասական բան այդ պատերից անցնի:

Իմ օրերի մեջ… այնքա՜ն վառ հիշողություններ կան, որ երբեմն հայացք եմ գցում և զարմանում եմ, որ տարիները այդքան էլ շատ չեն, բայց այնքան բան եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել ու մեծ մասը դրական , որ անընդհատ կուզենայի կրկնել: Իհարկե, տարիներ էլ կան, որ երբեք չէի ուզի, որ կրկնվեին, որքան էլ պատվով եմ դուրս եկել դժվարությունների միջից: Բայց իմ օրերում շատ ջերմ ու լավ հիշողություններ կան, ինչը կցանակայի շատ շատերին:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Հայկ Պետրոսյան