Այս պահին նման հարց չի քննարկվում. Առողջապահության նախարարությունը՝ երկրում հակահամաճարակային սահմանափակումների մասին


Այս պահին նման հարց չի քննարկվում. Առողջապահության նախարարությունը՝ երկրում հակահամաճարակային սահմանափակումների մասին
Մարտ 12 19:45 2021

Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական եւ խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։

«Այս պահին նման հարց չի քննարկվում:

Առողջապահության նախարարությունը հետեւում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը եւ հետեւել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մարտի 15-ից կրկին փակել երկիրը՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ։

«Ազգային անվտանգության ծառայության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մարտի 9-ին հանձնարարել է ԱԱԾ-ին նախապատրաստել համապատասխան հիմքեր մարտի 15-ից կոնորավիրուսի վիճակի վատթարացման պատրվակով երկիրը կրկին փակելու, հավաքներն արգելելու համար։ Ըստ պլանի՝ երկիրը կվերադառնա խիստ սահմանափակումների ռեժիմ՝ օնլայն դասապրոցեսով, հանրային վայրերի աշխատանքի արգելքով:

Փաշինյանի հրահանգից հետո կորոնավիրուսի դեպքերը կտրուկ սկսել են աճել, քանի որ հանձնարարվել է համատարած դրական պատասխաններ տալ պոլիկլինիկաներում հանձնված թեստերին

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բազմաթիվ դեպքեր կան, որ մասնավոր կլինիկայում անցկացված կրկնահետազոտության արդյունքում պոլիկլինիկայի դրական պատասխանը հերքվել է։

Նույն աղբյուրը ուշադրություն հրավիրեց նաեւ մահերի ցուցանիշների վրա, որոնք անհամեմատ փոքր են վարակի դեպքերի համեմատ։ Օրինակ երեկ՝ 700-ից ավելի վարակման նոր դեպքի մասին հայտարարությանը զգուգահեռ հաղորդվեց 2 մահվան մասին, այսօր՝ 800-ից ավելի դեպք եւ 5 մահ, ինչը եւս վկայում է, որ թվերը կեղծվում են՝ քաղաքական նպատակների պատճառով»,- նշում էր տելեգրամյան ալիքը։