Տիրան Խաչատրյանը դատական կարգով կվիճարկի՞ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրը


Տիրան Խաչատրյանը դատական կարգով կվիճարկի՞ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրը
Մարտ 3 21:54 2021

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը մտադիր է դատական կարգով վիճարկել իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, որը Նախագահն ստորագրել է Նիկոլ Փաշինյանի առաջարկի հիման վրա։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց գեներալ-լեյտենանտ Խաչատրյանի հետ՝ տեղեկությունն անձամբ իրենից ճշտելու համար, սակայն Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ նշելով, որ լրագրողների հարցերին այլևս չի պատասխանելու։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու պատճառը դարձել է Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «ծիծաղով» արձագանքելը։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին լրատվականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե պատերազմի ընթացքում կրակված «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով՝ ակնարկելով, որ գուցե Ռուսաստանը 80-ականների արտադրության զենք է տրամադրել Հայաստանին։

Փաշինյանի նշված հայտարարությունը բուռն արձագանք է ստացել թե՛ ՌԴ-ի կողմից, թե՛ փորձագիտական հանրության կողմից, քանի որ, ինչպես հայտնում են փորձագետները, դա առնվազն պրոֆեսիոնալ չէ։ Նշված հայտարարությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը մեկնաբանել էր ծիծաղով՝ նշելով, որ դա հնարավոր չէ։

«Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։

Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»,- ասել էր Խաչատրյանը լրատվականներից մեկին տված հարցազրույցում։ Խաչատրյանի այս հայտարարությանը հաջորդել է նրա պաշտոնանկությունը, նախագահը փետրվարի 24-ին ստորագրել է Խաչատրյանին՝ պաշտոնից ազատելու մասին Փաշինյանի առաջարկությունը։

Խաչատրյանին պաշտոնից ազատելուն հաջորդել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանալու մասին։ ԳՇ-ն իր վճռական բողոքն է արտահայտել անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

Ի դեպ, Վարչական դատարան հայց ներկայացվելու դեպքում գեներալը կարող է նաեւ միջնորդել որպես հայցի ապահովման միջոց ժամանակավորապես կասեցնել իրեն ազատելու մասին հրամանագրի կիրառումը։

Աղբյուր` Փաստինֆո



loading...