13։00-ի դրությամբ 57 քաղաքացի է բերման ենթարկվել Կառավարության մասնաշենքի մոտից


13։00-ի դրությամբ 57 քաղաքացի է բերման ենթարկվել Կառավարության մասնաշենքի մոտից
Փետրվար 23 14:12 2021

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի  պահանջով ակցիա է իրականացվում, ժամը 13։00-ի դրությամբ  57 քաղաքացի է բերման ենթարկվել՝ ՀՀ  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին  ոստիկանության լրատվության վարչությունից։

ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է․ Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Նշենք, որ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլեց «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության  3-րդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք: