Մայիսի 30-ին համացանցում հրապարկվել է Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և արդարադատության նախարար Պավել Պետրենկոյի միջև վիճաբանության տեսանյութը:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, սկանդալը ծագել է Ուկրաինայում Սաակաշվիլիի քաղաքական կուսակցության պաշտոնական գրանցման համար ստեղծվող խոչընդոտների պատճառների մասին զրույցի ժամանակ:
Օդեսայի նախկին նահանգապետի խոսքով՝ արդարադատության նախարարը մերժել է գրանցել նրա կուսակցությունը, ընդ որում՝ գրանցելով «Միխեիլ Սաակաշվիլիի դաշինք» անվանումով քաղաքական ուժը՝ մեկ այլ անձի անունով, որը դրա համար հատուկ փոխել է իր անունը:
Պետրենկոն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Սաակաշվիլին կուսակցության անվանափոխման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել:
«Ի՞նչ կապ ունենք մենք: Դուք ուղղակի սրիկա եք»,- նշել է Սաակաշվիլին:
Դրանից հետո նրանց միջև լեզվակռիվ է սկսվել:










