Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 6 մարդ է մահացել


Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 6 մարդ է մահացել
Փետրվար 6 10:10 2021

Swissmedic գործակալությունը 63 հաղորդագրություն է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կողմնակի երևույթների մասին, դեպքերից 6-ը մահով են ավարտվել։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի կառավարության կայքում։

Նշվում է, որ այդ ծանուցումների մեծ մասը (37 կամ 59%) գնահատվում է որպես «անլուրջ»։ Մասնավորապես այդպիսի դեպքերի շարքին է դասվում գլխացավը, պատվաստված տեղի շրջանում ցավային զգացողությունները, ջերմության բարձրացումն ու դողը։

«Լուրջ» դեպքերի շարքին են դասվում մնացած 26-ը(41%), որոնց մոտ նկատվել է շնչառության դժվարացում, ալերգիա և հոդացավեր։ Այս դասում է գրանցվել մահվան 6 դեպքը։ Մահացածները 85-92 տարեկան են, ովքեր ունեցել են սրտանոթային, շնչառական համակարգի հիվանդություններ։

Շվեյցարիայում պատվաստումը մեկնարկել է դեկտեմբերի 23-ին։ Թույլատրված է երկու պատվաստանյութի կիրառում (Pfizer/BioNTech և Moderna):