Հասարակական անտարբերությունը՝ ողբերգություն ծնող պատճառ


Հասարակական անտարբերությունը՝ ողբերգություն ծնող պատճառ
Մայիս 29 16:08 2017

Դավիթաշենի կամրջի վրայից ցած ընկնելու հետեւանքով մահացած 13 –ամյա Համլետ Սարգսյանի ողբերգական մահը հերթական անգամ բազմաթիվ չլուծված հարցեր առաջ բերեց: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան մայիսի 25-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ողբերգական մահից հետո քննարկումները եւ մեղադրանքները հիմնականում ուղղված էին Ոստիկանությանը եւ քաղաքապետարանին: Մասնավորապես թե ինչու հասարակական կարգը պահպանող ոստիկաններն ավելի ուշադիր չեն եղել: Արդյո՞ք նրանք կարող էին կանխել երեխայի մահը: Կամ ինչո՞ւ քաղաքային իշխանությունները համապատասխան ձեւով ճաղավանդակներ չեն դնում կամուրջների վրա: Հասարակական արձագանքն իսկապես արդարացի է, մեղադրանքները՝ նույնպես:
Սակայն շատ հաճախ բախվում ենք մեկ այլ իրականության հետ: Երբեմն նաեւ ծնողների անտարբերության պատճառով են տեղի ունենում դժբախտ պատահարներ: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ մի քանի անչափահաս երեխաներ իրենց խոսքով իրականացնում են «Rufing»: Երեխաները տեսախցիկի առաջ կախվում են փայտե ձողերից, կատարում ինչ-որ վարժություններ: Այդ մասին նրանք հպարտորեն են հայտարարում, չմոռանալով իրազեկել, որ ներքեւն անդունդ է: «Նայեք աջ ու ձախ ձոր է, ընկավ- ընկավ.... »,- ասում է երեխաներից մեկը, խորհուրդ տալով ընկերոջը կատարել վարժությունը:

Վտանգավոր այս վարժությունները երեխաները կատարում են բնակելի շենքին հարակից տարածքում, եւ վստահաբար անցորդների եւ բնակիչների աչքերից չէր կարող վրիպել փաստը: Այս դեպքում արդեն գործ ունենք հասարակական անտարբերության հետ: Դժվար է ասել, թե ինչպիսին է եղել հատկապես տվյալ երեխաների ծնողների արձագանքը տեսանյութը դիտելուց հետո: Արդյո՞ք նրանք հպարտացել են իրենց ճկուն երախաներով, թե արգելել են այլեւս զբաղվել «Rufing»-ով: Հույս հայտնենք, որ տեղի է ունեցել երկրորդ տարբերակը:

Մեղադրանքներ հնչեցնելը թերեւս ամենահեշտ գործն է: Բայց չպետք է մոռանալ նաեւ, որ հնարավոր դժբախտությունները կանխելը եւս բարդ չէ: