Ես արդեն հրաժարվում եմ խոսել այն մասին, թե ինչ աղետալի հետևանք կարող է ունենալ սա Հայաստանի վրա. Զոհրաբյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին


Ես արդեն հրաժարվում եմ խոսել այն մասին, թե ինչ աղետալի հետևանք կարող է ունենալ սա Հայաստանի վրա. Զոհրաբյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին
Հունվար 25 08:27 2021

Այս և նմանօրինակ նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու լուրերին, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ ԱԺ ամբիոնից բողոքում, որ նախկինում դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով և անընդհատ ասում էր, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է դեսպաններ լինեն։ Եվ հիմա ամենակարևոր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն։ Սա աղետ է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 

Նա նշեց, թե ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսօր տեսնում ենք մի մարդու, ով տրամագծորեն ուղիղ հակառակն է անում այն ամենի, ինչը տարիներ շարունակ քարոզում էր որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ։

«Ես արդեն հրաժարվում եմ խոսել այն մասին, թե ինչ աղետալի հետևանք կարող է ունենալ սա Հայաստանի վրա։ Մենք այլևս ունենք կազմաքանդված պետություն և նման ամեն մի որոշումն ուղղակիորեն հարված է պետականությանը։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին։ Ինքը շատ լավ հասկանում է, որ եթե ոչ այսօր, վաղը, անպայմանորեն գալու է քաղաքական և իրավական պատասխանատության ժամանակը, և ցանկանում է իր յուրայիններին ուղղակիորեն հեռացնել Հայաստանից», - ասաց Զոհրաբյանը։

 

Նրա խոսքով՝ այս իրավիճակից ելքի ճանապարհը քաղաքացիների և քաղաքական ուժերի միասնական ընդվզումն է։

Դիտարկմանը, թե Մակունցն ասել է, որ փորձը կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարում չունի, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.

«Գիտեք, ես ֆրանսերենի թրեյնինգները շարունակում եմ, և այդ տպավորությամբ եկեք իմ ֆրանսերենի դասախոսին՝ Շուշանիկ Մելքոնյանին, ով ֆանտաստիկ ֆրանսերեն գիտի, առաջարկենք Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան»։